«Շարունակվում են «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված առաջին փուլի աշխատանքները: Նշվել է, որ արդեն ավարտին է մոտենում տարածքի սալահատակի փոխարինումը, զուգահեռ տեղադրվում են նաև առևտրային տաղավարները: Հաշվի առնելով տարածքի բարեկարգման առնչությամբ հանրային հետաքրքրությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը մանրամասնորեն ներկայացնել հանրային լսումների արդյունքում ձևավորված վերջնական նախագիծն ու իրականացվող աշխատանքների ընթացքը»։

 

Այս մասին օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Իհարկե, մենք բոլորս էլ ուրախ ենք, որ մայրաքաղաքի կարևորագույն վայրերից մեկը կարգի է բերվում, դառնում է ավելի ժամանակակից։ Բայց, արդիականացմանն ու բարեկարգմանը զուգահեռ՝ առաջանում են մի շարք խնդիրներ, որոնք քաղաքապետն ու «Վերնիսաժի» վարձակալ Հարություն Նավասարդյանը չեն կարող կամ չեն ուզում լուծել։ Բարեկարգումից հետո անորոշ է մնում տարածքում առևտուր անող և օրվա հացի փող վասատակող քաղաքացիների ճակատագիրը։

 

Նախ պետք է նշենք, որ Վերնիսաժի տարածքում տեղադրված առևտրի կետերը ապամոնտաժելուց հետո վարձակալներին չի հատկացվել համապատասխան տարածք, կամ տարածքը չի եղել նախկինի չափ։ Դեպքեր ու փաստեր կան։ Եվ առհասարակ՝ այդտեղ առևտուր անող վարձակալներին ընդհանրապես տարածքից հեռացնելու խնդիր է դրված։

 

Եվ սա բնավ չի արվում քաղաքի տեսքը բարելավելու համար, այլ՝ սեփական գրպանի հարմարության։ Ըստ Վերնիսաժի տարածքում աշխատող քաղաքացիների՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը և վարձակալ Հարություն Նավասարդյանը 50/50 են արել «Վերնիսաժը» և տարածքը բաժանել իրար մեջ։


«Վերնիսաժից» չեն ապամոնտաժվելու Հարություն Նավասարդյանի «օբյեկտները» և լողավազանի հիմքի վրա կառուցված քարե շինությունը։ Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վատ սովորություն է ձեռք բերում՝ 50/50 անելու և մարդկանց այնտեղից դուրս հանելու ու օրվա հացից կտրելու։ Համաձայնեք, սիրուն չէ։


Այլ կերպ ասած՝ տիրով «օբյեկտները» մնում են, անտերները՝ ապամոնտաժվում։ Ըստ շրջանառվող լուրերի՝ Վերնիսաժում քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը ևս տարածք է «բռոնիա» արել։ Ի դեպ, երեկ, երբ մենք «շրջայց» էինք կատարում Վերնիսաժի տարածքում՝ ծանոթանալու, թե որ տարբերակով է շինարարությունն իրականացվում, Դավիթ Օհանյանը ևս այնտեղ էր։ Հավանաբար, ծանոթանում էր իր ապագա սրճարանի կամ տաղավարի հետ։




 

Անցնենք շինարարության բուն գործընթացին։ Մեր շրջայցի ժամանակ նկատեցինք, որ շինարարությունը կատարվում է առանց նախապես պլանավորած հատակագծի։ Նախապես մշակվել էր 4 տարբերակ, որոնցից մեկի համապատասխան էլ կատարվելու էր շինարարությունը, սակայն այսօր կատարվում է լրիվ այլ շինարարություն։ Անգամ քաղաքապետարանը չի կողմնորոշվում՝ ինչպես իրականացնի շինարարությունը։ Դրա համար գտել են լավագույն  տարբերակը՝ անել շինարարությունը, վերջում ներկայացնել ստացվածը։ Ըստ տարածքում փակցված նախագծի՝ պետք է իրականացվի միայն ցայտաղբյուրների և նստարանի շինարարություն, բայց կատարվում է լրիվ այլ շինարարություն։

 

 

Երբ մեզ մոտեցած երիտասարդին  հարցրինք՝ որ տարբերակով է իրականացվում շինարարությունը, վերջինս դժվարացավ ասել, քանի որ ինքն էլ չգիտեր։ Նա ներկայացավ որպես տարածքի աշխատակից։

 

Ուշադրություն դարձրեք՝ որպես «Վերնիսաժի» աշխատակից։ Նրա «աշխատանքային» գործունեությանը դեռ կանդրադառնանք։ Իսկ այժմ՝ շինարարության խախտումների մասին։ Տարածքի մի մասում բացակայում էր «Ավելի բարեկարգ Երևան» գրությամբ պաստառները, որը պետք է փակեր շինհրապարակը։ Դա առաջին խախտումն էր, որը այդ աշխատակիցը դժվարացավ մեկնաբանել։ Միայն ասաց, որ դրա համար չեն տուգանվել։ Եթե այդ խախտումը կատարողը լիներ սովորական քաղաքացի, վստահ ենք անհապաղ կտուգանվեր։ Հաջորդ բացթողումը․ տարածքում բացակայում էր շինթույլտվությունը և տարածքի շինարարության ամբողջական մակետը։


 

Այս փաստը ևս՝ մեզ շատ բարեհամբյուր կերպով մոտեցած աշխատակիցը դժվարացավ մեկնաբանել։ Հավանաբար, նա ևս գիտակցում էր իրենց խախտումները։ «Դե քուրիկ ջան, կարևորը լավ բան ենք անում, վերջում կտեսնեք՝ ինչ կստացվի»,- ասաց նա։

 

Հաջորդը․ ըստ մեզ հասած տեղեկություների՝ շինարարությունը կատարվում է բավական անորակ շինանյութով։ Դե, իսկ ինչի՞ համար, հասկանալի է։ Ի դեպ, ներսից ստացած տեղեկությունների համաձայն՝ շինարարությունն էլ իրականացնում է մի շինարարական ընկերություն, որը «առաջարկել» է քաղաքապետարանը։


Այսինքն՝ այլընտրանքային տարբերակ չկա։ Հարություն Նավասարդյանին հրահանգված է՝ աշխատել միայն այդ ընկերության հետ։ Շինարարական նյութերի հիմնական մասն էլ օգտագործվում են «Վերնիսաժի» հին երկաթե կոնստրուկցիաները՝ տնտեսելով գումարը։ Սա էլ հաջորդ շինարարական խախտումը։ Կարծում ենք՝ պարզից էլ պարզ է, թե ինչ է կատարվում։ «Վերնիսաժի» արդիականացում անվան տակ ստեղծում են տարածք, որը պատկանելու է Տարոն Մարգարյանին ու Հարություն Նավասարդյանին, իսկ մարդիկ այնտեղ, Աստված գիտի, թե ինչ գներով տարածքներ են վարձակալելու կամ արդյոք կարողանալո՞ւ են վարձակալել, թե ոչ։


Իսկ վերը հիշատակված «հասարակ» աշխատակիցն էլ, ով մեզ այդքան բարեհամբյուր կերպով դիմավորեց ու ճանապարհեց, Վերնիսաժից գնաց գերթանկարժեք «Լեքսուս» մակնիշի, գոլդ համարանիշերով մեքենայով։ Պարզեցինք, որ Պավլիկ ներկայացած երիտասարդը Վերնիսաժի գործադիր տնօրենն է, Հարություն Նավասարդյանի «բաջանաղի» տղան։ ԼՈՒՐԵՐ.com-ը այս թեմային դեռ կանդրադառնա։

 

Քրիստինա Աղալարյան