Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, տեղի ունեցավ մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի վերաբացումը: Համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:
Համաբուժարանի վերաբացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ և այլ հրավիրյալներ: Հանդիսավորությամբ տեղի ունեցավ նաև ՀՀ վաստակավոր բժիշկ Կառլեն Եսայանի բրոնզաձույլ արձանի բացման արարողությունը:
Հիմնանորոգված բուժհաստատության ավելի քան 170 աշխատակիցների աշխատանքի և պոլիկլինիկայում հաշվառված շուրջ 45.000 քաղաքացիների որակյալ սպասարկման համար ապահովված են անհրաժեշտ պայմանները. «Շենքային պայմանների գնահատականը պարզապես գերազանց է, սարքավորումները ևս թարմացված են, փետրվար ամսին կունենանք նաև թվային ռենտգեն ապարատ: Այս պայմաններում աշխատելը մեզ համար պարզապես հաճույք է: Մեր պոլիկլինիկայի բժշկական անձնակազմը պարբերաբար վերապատրաստվում է, հագեցած ենք բոլոր նեղ մասնագետներով, այսինքն՝ ամեն ինչով ապահովված է պոլիկլինիկան, մնաց բեղմնավոր աշխատանք»,- ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանը:
Մենք զրուցեցինք նաև աշխատակիցների հետ, ովքեր մեծ գոհունակություն հայտնեցին Եսայանների ընտանիքից և իրենց շնորհակալությունը հայտնեցին այս ընտանիքին՝ կատարված կարևոր և ազգանվեր գործի համար.
Վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Մետաքսյա Կուջոյանը երկար տարիներ աշխատել է Կառլեն Եսայանի հետ և լավ է հիշում, թե ինչ բարձր մարդկային և մասնագիտական հատկանիշների կրող էր նա.
«Ընկերական էր բոլորի հետ, ցանկացած հիվանդի խնդիր կարողանում էր հեշտ հասկանալ»,- ասաց բուժքույրը, առանձնացնելով նրա կարևորորագույն հատկանիշները. Կառլեն Եսայանն օժտված էր բացառիկ ճշտապահությամբ ու համբերատարությամբ:
Տեղամասային թերապեվտ տիկին Զոյան էլ Կառլեն Եսայանի հետ աշխատել է ավելի քան երեսուն տարի և հիշում է, թե ինչպես էին աշխատում. ձմռանը՝ ցուրտ, ամռանը՝ շոգ ու բոլորի համար անհարմար պայմաններում, բայց այսօր պոլիկլինիկային կարծես նոր շունչ է հաղորդվել.
«Երկար սպասված օր էր, այսուհետ մենք կաշխատենք արդեն ժամանակակից պայմաններում ու նոր որակով»,- ասաց նա:
Նշենք նաև, որ այս բուժհիմնարկի վերաբացմամբ չէ, որ սահմանափակվում է Եսայան ընտանիքի բարեգործությունները ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում: