Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա, որն ամբողջությամբ հիմնանորոգվում է: Տնօրեն Աննա Սիսոյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է հարկաբաժիններով, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Դեռևս նախորդ դարի 50-ական թվականներին կառուցված պոլիկլինիկան, որը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել, պատասխանատուների հավաստմամբ, մինչև տարեվերջ ամբողջությամբ նորոգված ու ժամանակակից բուժսարքավորումներով կահավորված կապահովի բժշկական այս հաստատությունից օգտվող ավելի քան 43000 բնակիչների լիարժեք սպասարկումը:

 

Հարկ է նշել, որ ներդրումային ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Կառլեն Եսայանի տիկնոջ՝ ՀՀ վաստակավոր բժիշկ, բարերար Սառա Եսայանի աջակցությամբ: Առանձնակի կարևորելով ներդրումային ծրագրի կյանքի կոչումը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ աշխատանքների ավարտից հետո պոլիկլինիկան կարող է իսկապես օրինակելի բուժհաստատություն դառնալ:

 

«Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է Եսայանների ընտանիքի կողմից: Իսկապես մեծածավալ աշխատանք է իրականացվում, որի արդյունքում, համոզված եմ, մենք կունենանք օրինակելի պոլիկլինիկա՝ ապահովված անհրաժեշտ բոլոր պայմաններով: Պատասխանատուներն էլ վստահեցրին, որ մինչև տարեվերջ աշխատանքներն ամբողջությամբ կավարտեն: Ողջունելով մասնավոր հատվածի կողմից նմանատիպ ծրագրերի իրականացումը, նաև նշեմ, որ մենք ևս շարունակելու ենք Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաների թե՛ պայմանների բարելավման, և թե՛ նոր ու ժամանակակից սարքավորումներով համալրելու վերջին տարիների մեր քաղաքականությունը», - ընդգծել է քաղաքապետն ու հավելել, որ հարմարավետ պայմանների ապահովման ու բուժսարքավորումների արդիականացմանը զուգահեռ մշտական ուշադրության կենտրոնում է մնալու նաև քաղաքացիների պատշաճ սպասարկումն ու նրանց հանդեպ հոգատար վերաբերմունքի ցուցաբերումը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն