Սիրիայում իրադրության վատթարացումն անխուսափելի հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանում՝ գործելով դոմինոյի սկզբունքով: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

 

Նա սխալ է համարել այն դատողությունները, թե Իրանը եւ Ռուսաստանը պաշտպանում են իր վարչակարգը՝ հայտարարելով, որ դա «քարոզչության բաղկացուցիչ մասն է՝ զանգվածային լրատվամիջոցներում»:

 

«Այստեղ կարեւորն ընդհանուր իրադրությունն է: Սիրիայի ճգնաժամն, անպայման դոմինոյի սկզբունքով կազդի ամբողջ տարածաշրջանի վրա, հարեւան երկրների վրա՝ Իրանի եւ Ռուսաստանի, եւ ամբողջ Եվրոպայի վրա: Այսպիսով, երբ նրանք (Իրանը եւ ՌԴ-ն) պաշտպանում են Սիրիան, նրանք պաշտպանում են կայունությունն իրենց մոտ եւ իրենց շահերը: Նրանք պաշտպանում են սիրիացի ժողովրդին եւ ինքնապաշտպանության նրա իրավունքը»,- հայտարարել Է Ասադը Ավստրալիայի SBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որի տեքստը հրապարակել է Սիրիայի SANA պետական լրատվական գործակալությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: