Թե Հայաստանի տնտեսությունն ինչ վիճակում է, գիտեն թերևս բոլորը: Սակայն նշված հանգամանքը Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Գեղամ Մնացականյանին բնավ չի խանգարել, որ նա, ըստ մեղադրական եզրակացության, կատարի տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություն:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Գեղամ Մնացականյանը, կեղծ փողեր պատրաստելու և իրացնելու դիտավորությամբ, ձեռք է բերել «Canon PIXMA MG» տեսակի գունավոր շիթային տպիչ սարք: Համաձայն քր. գործի նյութերի, նա 2015թ. ընթացքում իր կողմից վարձակալած տանը պատրաստել է չպարզված քանակի կեղծ թղթադրամներ, որոնք իրացրել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի բնակիչ Գեղամ Հովսեփյանին: Նախաքննության մարմնի կողմից, որպես իրեղեն ապացույց, դատարան են ներկայացվել կեղծ թղթադրամները և «Canon MG 2440» տպիչ սարքը' փաթեթավորված և կնիքված վիճակում:
Վերը նշված արարքի համար Գեղամ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի («Կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը») 1-ին մասի հատկանիշով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Քանի որ նախաքննությանը չի հաջողվել պարզել պատրաստված կեղծ թղթադրամների քանակը և դրանց ընդհանուր գումարը (արժեքը), այլ կերպ ասած, չի հաջողվել իմանալ, թե նրա պատրաստած կեղծ թղթադրամների գումարը գերազանցո՞ւմ է արդյոք մեկ կամ երեք միլիոն դրամը, այսինքն' իրացնելու նպատակով կեղծ թղթադրամները խոշոր կամ առանձնապես խոշոր չափերո՞վ են պատրաստվել, Գ. Մնացականյանին մեղադրանքն առաջադրվել է քր. օր.-ի 202-րդ հոդվածի ոչ թե առավել խիստ պատիժ նախատեսող 2-րդ կամ 3-րդ մասով, այլ 1-ին մասի հատկանիշով, որը նախատեսում է ազատազրկում երեքից յոթ տարի ժամկետով' գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ի դեպ, կարծում ենք, ՀՀ նոր Քրեական օրենսգրքում դրամանենգությունը պետք է համարել ոչ թե տնտեսական գործունեության, այլ պետության դեմ ուղղված հանցագործություն: