Այն, որ դատարանների որոշմամբ մեր երկրում պարբերաբար տասնյակ մարդիկ են զրկվում իրենց միակ կացարանից և դատական ակտի հարկադիր կատարողների միջամտությամբ հայտնվում բաց երկնքի տակ, թերևս արդեն որևէ մեկի համար արտառոց չէ:
Բայց, երբ դա տեղի է ունենում պետական մարմինների կատարած կեղծիքների, կողմերից մեկի ունեցած ծանոթ-բարեկամական հարաբերությունների կամ որոշակի ֆինանսական միջամտության արդյունքում, և հարգարժան դատարաններն էլ աչք են փակում այս ամենի վրա, սա արդեն վեր է ցանկացած բանական վերլուծության սահմաններից:
Շուրջ մեկ ամիս առաջ այսպիսի անմարդկային որոշման հետևանքով Արմավիրի բնակչուհի Գայանե Սահակյանն իր 2 երեխաների հետ հայտնվեց անտունի կարգավիճակում, զրկվելով իր 1 սենյականոց փոքրիկ բնակարանից, որի բետոնե հատակով խոհանոցն ու սանհանգույցն ինքն իր ձեռքով է ստիպված եղել կառուցել, գոնե փոքր-ինչ տանելի պայմաններ ստեղծելով երեխաների համար:
Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի 5-րդ շենքի 31.4 քմ-անոց բնակարանը կռվախնձոր էր դարձել 2 երբեմնի հարազատ մարդկանց միջև: Վեճի առարկա բնակարանը Գայանե Սահակյանը 1994թ-ին ստացել էր իր սկեսրոջից՝ այն բանից հետո, երբ վերջինիս որդին՝ Գայանեի ամուսինը, մեկնել էր Ռուսաստան և կնոջն ու անչափահաս երեխաներին թողել մենակ ու անօգնական: Սկեսուրը՝ Մայրանուշ Գրիգորյանը, փորձելով շտկել որդու արաքի հետևանքներն իր բնակարանին կից 1 սենյականոց բնակարանը, որին, ի դեպ, ինքը տիրացել էր այդտեղ բնակվող իր հարևանի մահից հետո, հատկացրել էր լքյալի կարգավիճակում հայտնված հարսին ու թոռներին:
Տարիներ անց, արդեն ամուսնու հետ փաստական ամուսնալուծությունից հետո, 1998թ-ին իր զբաղեցրած բնակարանի նկատմամբ Գայանե Սահակյանի բնակության իրավունքն ամրագրվել է նաև Արմավիրի ՆՎՇՏ ժողդատարանի վճռով:
Ստացվում է, որ Գայանեն իր 2 երեխաների հետ նույն բնակարանում բնակվել է ևս շուրջ 20 տարի և ունեցել դրա համար օրինական հիմք:
Սակայն, 2004թ-ին, սկեսրոջ մահից հետո նրա դուստրը՝ Նարինե Սահակյանը ներկայացրել է կտակ, որի համաձայն, մայրն իրեն է կտակել ոչ միայն իր, այլև ժամանակին հարսին հատկացրած բնակարանները:
Փորձելով ապացուցել հիշյալ բնակարանի նկատմամբ իր իրավունքները Գայանե Սահակյանը հարցում է արել համայնքային ինքնակառավարման կառույցներին և Անշաժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանում, սակայն այստեղ մերժել են նրա պահանջը՝ պատճառաբանելով, թե արխիվային փաստաթղթերն արխիվից անհետացել են:
Գայանե Սահակյանը պնդում է, որ այս ամենը տեղի է ունեցել իր նախկին ամուսնու քրոջ ինչ-ինչ միջամտության հետևանքով:Գայանեն իր այս կասկածների մասին տեղյակ է պահել նաև մարզի իրավապահներին: 2012թ-ին նրա դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացնող քննիչ Ա. Մարտիրոսյանը բացահայտել է, որ Արմավիրի «Բարեկարգում» համատիրության արխիվային փաստաթղթերի գծով տեսուչ Խանում Օհանյանը 15.09.2004թ. ամսաթվով կազմած կեղծ տեղեկանքներ է տրամադրել Նարինե Սահակյանին, վերջինն էլ այդ կեղծ տեղեկանքները ներկայացրել է նոտարական գրասենյակ: Ու թեև քննությանը հաջողվել էր որոշակի հանցակազմերի առկայություն բացահայտել կոնկրետ անձանց արարքներում, սակայն, ի վերջո որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով:
Արմավիրի քաղաքապետարանում էլ անհետացել է բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ քաղաքապետի 2009-ի գրության պատճենը:
ԱԳԿ ՊԿ Արմավիրի ստորաբաժանումից էլ Գայանե Սահակյանին հայտնել են, որ արխիվում բացակայում են հիշյալ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը վկայող բոլոր փաստաթղթերը՝ գրանցման դիմումները, վճարումները և այլն, որոնք պատրադիր փաստաթղթեր են և տվյալ պետական մարմնի պարտականությունն է դրանք պահել իր արխիվում:
Այս գործի առեղծվածային հանգամանքներն այսքանով չեն սահմանափակվում: Արձանագրված է, օրինակ, որ Նարինե Սահակյանը ժառանգությունն ընդունելու մասին դիմումը անձամբ է ներկայացրել նոտարական գրասենյակ 15.09.2004թ-ին: Մինչդեռ Գայանեն պնդում է, որ ազգականուհին այդ ժամկետում բացակայել է հանրապետությունից և, բնականաբար, չէր կաող նման բան անել: Այս կեղծիքը բացահայտելու համար Գայանեն ու իր փաստաբանը դիմել են ԱԱԾ: Սակայն, այս կառույցից հրաժարվել են տվյալ ժամանակահատվածում հանրապետություն Նարինե Սահակյանի մուտքի-ելքի վերաբերյալ տեղեկություն հայտնել:
Ինչ վերաբերում է նոտարական մատյանում դիմումատուի ստորագրության իսկությանը և սկեսրոջ կտակի՝ նրա ձեռքով գրված լինելու համնգամանքին, ապա Գայանե Սահակյանի պահանջները՝ փորձաքննություններ անցկացնելու վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից պարբերաբար անտեսվել են:
Պատկան մարմինների կողմից այս բոլոր հանգամանքների անտեսման և հարուցված քրեական գործի կարճման վերաբերյալ Գայանե Սահակյանի ահազանգերը բոլոր պետական մարմիններին և դրանց բարձրաստիճան ղեկավարներին քար անտարբերությանն են հանդիպել:Թեև, ինչպես պատմում է Գայանեն, եղել են նաև պաշտոնյաներ, ովքեր իր հետ մասնավոր զրույցներում ընդունել են, որ դատավճիռը կայացվել է կեղծիքի հիման վրա: Բայց երբ բանը հասել է գործնական քայլերին, բոլորն էլ համատարած կեղծիքների դեմ պայքարում տարաբախտ ընտանիքին միայնակ են թողել:
Դատական հաջորդ ատյանում հրաժարվել են վարույթ ընդունել Գայանե Սահակյանի դիմումը և առաջին ատյանի կայացրած վճիռը՝ կասկածելի ծագմամբ փաստաթղթերի հիման վրա Գայանեին իր արդեն 20 տարի շարունակ զբաղեցրած բնակարանից վտարելու մասին, մտել է օրինական ուժի մեջ:
Սահմանված ժամկետից 1 օր առաջ Գայանե Սահակյանը ազատել էր բնակարանը՝ չցանկանալով իր անչափահաս որդիների և ԴԱՀԿ աշխատակիցների հնարավոր բախման և անկանխատեսելի հետևանքների պատճառ դառնալ:
Սպառելով հայաստանյան բոլոր ատյաններն ու մերժված լինելով բոլորից՝ Գայանեն այսօր հայտնվել է փողոցում, և ստիպված ապաստանում է բարեգութ բարեկամների տներում: Բայց կորցրած բնակարանից ավելի նրան հետաքրքրում է արդեն հայրենիքի պաշտպանի տարիքը թևակոխած իր զավակների ապագայի հարցը, որոնց կյանքի մասին պատկերացումներն ու աշխարհայացքը, ինչպես ինքն է ասում, դեռ մանկուց ձևավորվեցին կեղծիքի, ատելության ու անտարբերության միջավայրում:
Կորցնելով հավատը իշխանության բոլոր 3 ճյուղերից, Գայանե Սահակյանը դեռ հույս է տածում չորրոդ իշխանույթան՝ մամուլի միջոցով արդարության և օրինականության վերականգնման նկատմամբ: Իսկ հակառակ դեպքում, խնդրում է օգնել իրեն հեռանալ Հայաստանից, քանի որ չի ցականում, որ իր ազնիվ դաստիարակված որդիներն էլ մի օր բախվեն այն անարդարությանը, որի դեմ արդեն տարիներ շարունակ ինքն անարդյունք կռիվ է տալիս:
Նելլի Դանիելյան