Արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այսօր՝ մարտի 7-ին, Ժամը 10:00-ի սահմաններում փլուզվել է Մուսալեռ գյուղի Բաբաջանյան 4 հասցեի տան պատը, ինչի արդյունքոմ 93-ամյա բնակչուհին, մնալով փլատակների տակ, մահացել է: 

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում Մուսալեռ համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ 93-ամյա Ազնիվ Մուրադյանը միայնակ էր ապրում, երեխաներ չուներ:

 

Գյուղապետի խոսքով՝ տան փլուզման պատճառը խոնավությունն է եղել. «1954 թ. կառույց էր, երևի ձյան հալոցներից ավելի էր խոնավացել, որի հետևանքով էլ փլվեց տան միջնապատը: Տունը, որտեղ ապրում էր Ազնիվ Մուրադյանը, իրենը չէր, ազատ բնակարան էր, որտեղ ապրում էր»:

 

Նշենք, որ փրկարարները նշված տան մեջ՝ փլատակներից, դուրս են բերել 93-ամյա Ազնիվ Մուրադյանի դին։

 

Սոնա Հարությունյան