Սեպտեմբերի 24-ի երեկոյան, 2 ժամից ավելի ԱԻՆ Փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ Խարբերդի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկում առաջացած փլուզման վայրում քաղաքացիների հետ որոնողական աշխատանքներ են կատարում` հայտնաբերելու փլատակների տակ մնացած քաղաքացուն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ փլատակների տակ հայտնվածը 30-35 տարեկան տղա է` անունը Էդգար, ով իր ընկերոջ հետ աշխատանքներ է կատարելիս եղել, երբ տեղի է ունեցել փլուզումը: Ընկերը մի կերպ է փրկվել, սակայն չի կարողացել էդգարին փրկել, քանի որ փլուզումը վայրկյաններ է տևել:
Ժամը 21:00-ի սահմաններում՝ փրկարարներին հաջողվեց հայտնաբերել դին և վերամբարձ կռունկի միջոցով նախ ճոպաններով հեռացրեցին պանելները, որից հետո զգուշությամբ, որպեսզի դին չվնասվի, նրա վրայից հեռացրեցին հողաշերտը:
Աղբյուրի տեղեկություններով մահացածը Երևան քաղաքի բնակիչ 31-ամյա Էդգար Վաչագանի Փետունցն էր:
Աղբյուրը՝ Shamshyan.com