Ռուս փրկարարները Թուրքիայում բնակելի շենքի փլատակների մեջ մեծ քանակությամբ գումար են հայտնաբերել, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը, գրում է Ռիա Նովոստին։

«Ավերիչ երկրաշարժից հետո փլատակների հերթական շերտը բացելիս ՌԴ ԱԻՆ աշխատակիցները հայտնաբերել են 100 դոլարանոց թղթադրամներով լցված կաթսա։ Ընդհանուր արժողությամբ հայտնաբերված 150 000 դոլար գումարը հանձնվել է տեղի ոստիկանությանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու հզոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ դրանք ամենաուժեղն էին 1939 թվականից ի վեր։ Վերջին տվյալներով՝ զոհվել է ավելի քան 30 հազար մարդ, ավերվել են հազարավոր տներ։

Ստորգետնյա ցնցումները, որին հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են Թուրքիայի տասը նահանգներում և հարևան երկրներում, որոնցից առավելագույնս տուժել է Սիրիան։