Այսօր՝ հոկտեմբերի 12-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի 25 տանը հրդեհ է բռնկվել:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամանած հրշեջները քաղաքացիների օգնությամբ սկսել են պայքարել երկհարկանի տան 2-րդ հարկում առաջացած հրդեհի տարածման դեմ:
Հրդեհի հետեւանքով տանը, ըստ նախնական տեղեկությունների, միայնակ մնացող 3-ամյա Էմիլ Խաչատրյանը մահացել է:
Այս պահին նրա մորը՝ 41-ամյա Նաիրա Խաչատրյանին տեղում հոգեբանական ու բժշկական օգնություն են ցուցաբերում բժիշկներն ու փրկարարները: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի քննության ընթացքում:
Դեպքի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որպեսզի պարզ լինի երեխան ծխախեղդ լինելուց է մահացել, թե այրվածքներից: