ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի Արմեն Մնացականյանի սպանության դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

 

2016 թվականի հուլիսի 03-ին՝ ժամը 12.20-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1961թ. ծնված Արմեն Մնացականյանի դիակը՝ «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածքով և ձախ թևի քերծվածքներով»:

 

Պարզվել է, որ Ա.Մնացականյանի դին բժշկական կենտրոն է տեղափոխվել Վանաձոր քաղաքին հարակից հանդամասում գտնվող քլորատան մոտից։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանի գլխավորությամբ, և իրականացվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի և 235-րդ հոդվածի առաջին մասերով։

Քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն' Ա.Մնացականյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքը պատճառվել է ծաղկի վաճառքով զբաղվող անհատ ձեռնարկատիրոջ մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, որից հետո վերջինս դիմել է փախուստի։ Պարզվել է վիճաբանությանը մասնակից անձանց շրջանակը, շարժառիթը։

 

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան աշխատակիցներին՝ իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ անհատ ձեռնարկատիրոջը հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

 

Նախաքննությունը շարունակվում է, արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: