ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են 54-ամյա Վ.Սարգսյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ սպանության շարժառիթը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

 

 

Վ.Սարգսյանի դիակը հայտնաբերվել է 2015թ. նոյեմբերի 09-ին' Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղի տարածքում գտնվող դաշտում ' գանգի հիմի և թաղի ոսկրերի բազմաբեկոր կոտրվածքներով:

 

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

 

 

Նախնական քննությամբ պարզվել է, որ տղամարդուն կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքը պատճառվել է նոյեմբերի 8-ին՝ կենցաղային հարցի շուրջ առաջացած վիճաբանության արդյունքում:

 

 

Ըստ ձեռք բերված ապացույցների՝ 2015թ. նոյեմբերի 8-ին Վ.Սարգսյանը վիճաբանել է Արարատի մարզի 35-ամյա մի բնակչի հետ՝ ցեխոտ ոտքերով տուն մտնելու հարցի շուրջ, այնուհետև միասին շրջել են ջրատարի ափամերձ հատվածով, որի ժամանակ 35-ամյա տղամարդը նախապես իր հետ վերցրած երկաթյա խողովակով հարվածներ է հասցրել Վ.Սարգսյանի գլխին: Ստացած վնասվածքներից վերջինս մահացել է:

 

 

Պարզվել է 35-ամյա տղամարդու ինքնությունը, ով սպանության կասկածանքով նոյեմբերի 10-ին ձերբակալվել է, իսկ նոյեմբերի 11-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսագրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

 

 

Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել: Նա հարցաքննվել է, կատարվել քննչական փորձարարություն:

 

 

2015թ. նոյեմբերի 12-ին որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին:

 

 

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

 

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: