Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հունիսի 26-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել Երևան քաղաքի 43-ամյա բնակչի կողմից լրտեսության, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հանձնելու և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։
«Պարզվել է, որ նշված անձը, հանդիսանալով պայմանագրային զինծառայող և կոչումով կրտսեր սերժանտ, «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում առկա՝ իր տվյալներով օգտահաշվով 2023-ի հունվար ամսից կապ է հաստատել ադրբեջանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ հանդիսացող, նույն սոցիալական կայքում մտացածին անվամբ օգտահաշվի ներքո քողարկված անձի հետ։ Ծավալված սիրային զրույցների արդյունքում, վերջինս մտերիմ հարաբերություններ է հաստատել ՀՀ ԶՈւ նշված պայմանագրային զինծառայողի հետ և, հավաքագրել վերջինիս։
Դրանից հետո 43-ամյա տղամարդը, սեռական շահագրգռվածությունից ելնելով, հաղորդակցի հետ ձևավորված շփումը շարունակական պահպանելու համար, վերջինիս առաջադրանքով 2023-ի հունվարից մինչև 2024-ի փետրվար ընկած ժամանակահատվածում հավաքել ու հանձնել է իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի սպառազինության, զինատեսակների քանակի և տեսակի, մարտական դիրքերի տեղակայման վայրերի, հրամանատարական կազմի անհատական տվյալների, մարտական դիրքերի մի շարք փաստաթղթերի և այլնի վերաբերյալ պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ինչպես նաև ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ»,- ասված է հաղորդագրությունում։
Հուլիսի 2-ին պայմանագրային զինծառայողը ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել։