Պաշտպանության նախարարությունը հրապարակել է այսօր ՀՀ արևելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտական գործողությունների հետեւանքով զոհված մեկ հայ զինծառայողի անուն՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ ՊՆ–ն հայտնում է, որ այս պահին ճշտված տվյալներ կան միայն մեկ զոհի մասին։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ նախնական տվյալով հայկական կողմից զոհերի թիվը 15 է։
ՊՆ հաղորդագրության համաձայն՝ հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։