Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Տայիսին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Կառավարությունից:
Վարչապետը բարձր և արդյունավետ է գնահատել դեսպանի գործունեությունը մեր երկրում, ինչը նպաստել է Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ակտիվացումն ու առևտրաշրջանառության ծավալների ավելացումը, ինչի համար առկա է մեծ ներուժ: Այս համատեքստում, վարչապետն ընդգծել է հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության անհրաժեշտությունը:
Իոաննիս Տայիսը շնորհակալություն է հայտնել վարչապետին սերտ համագործակցության համար և նշել, որ վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջև հարաբերություններն ակտիվ զարգացում են ապրել: Դեսպանը վստահություն է հայտնել, որ հետագայում ևս հայ-հունական փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ամրապնդվել տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տնտեսության մի շարք ճյուղերում:
Հայ-հունական հարաբերությունների զարգացման առումով զրուցակիցները կարևորել են երկկողմ տարբեր մակարդակի փոխայցելությունները: Կողմերը հեռանկարային են համարել փոխգործակցության ընդլայնումը կրթության, պաշտպանության, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում: Հովիկ Աբրահամյանը և Իոաննիս Տայիսը քննարկել են հայ-հունական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպման ավարտին վարչապետը դեսպան Տայիսին մաղթել է նորանոր հաջողություններ հետագա գործունեության ընթացքում: