Այսօր՝ հուլիսի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատավոր Հարություն Մովսիսյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը և շարունակելու է վարել նիստը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասաց, որ ինքնաբացարկ ներկայացնելու պատճառը քաղաքացիական հայցը վարույթ ընդունելուց հրաժարվելն էր, ընդ որում, դատավորը դա արել է շատ տարօրինակ ձևով: Նախորդ դատական նիստում նա ընդունել է հայցը վարույթ, կողմերին ճանաչել է քաղ. հայցվոր և քաղ. պատասխանող և ասել է, որ քաղ. հայցի օրինակը կթարգմանի և կուղարկի ՌԴ: Սակայն դատական նիստին եկել է մի որոշմամաբ, իբրև թե ի սկզբանե հայցը վարույթ ընդունելը մերժում է, այդ կապակցությամբ էլ ներկայացվել է ինքնաբացարկի միջնորդություն:

 

«Տուժող կողմը շարունակում է մնալ այն կարծիքին, որ  միայն Պերմակովը չէ, որ պետք է պատասխան տա կատարվածի համար, այլ այն պետությունը, ում զինվորը հանդիսացել է նա, ևս պետք է որոշակի պատասխանատվություն կրի: Կապված է հիմնականում նրա հետ, որ ՌԴ-ում ի սկզբանե տեղյակ են եղել, որ Պերմյակովն ունի որոշակի առողջական խնդիրներ, մասնավորապես, հոգեբանական խնդիրներ: Նրան Ռուսաստանի Դաշնությունում զորակոչելուց հետո տեղափոխել են հոգեբուժական դիսպանսեր, որոշակի ժամանակով նրան արգելված է եղել հրազեն կրել, բացի այդ  ՌԴ-ում ծառայելու ընթացքում անձն 8 անգամ փախել է զորամասից: Այսպիսի հոգեկան վիճակում գտնվող զինվորը տեղափոխվել է Գյումրի, նրան տվել են հրազեն  և միայնակ կանգնացրել են համապատասխան դիրքում, որից, բնականաբար, առաջին իսկ հնարավորության դեպքում դիմել է փախուստի և տեղի է ունեցել այն ոճրագործությունը, որ բոլորիս արդեն հայտնի է»,- ասաց Վարոսյանը և հավելեց, որ այս զինվորի պետությունը չի կարող խուսափել պատասխանատվությունից, դա էր հայցի նպատակը, որն ուղղված էր Ռուսաստանի Դաշնության դեմ: 

 

Այն հարցին, թե, եթե Հայաստանի դատարանը հրաժարվում է ընդունել հայցը վարույթ, ապա ինչ են անելու տուժող կողմի փաստաբանները, հարցին ի պատասխան Վարոսյանն ասաց, որ բնականաբար փորձելու են բոլոր միջոցներով սպառել Հայաստանի ներպետական դատական ատյանները, մասնավորապես, դատավորի կողմից հայցը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումն արդեն իսկ բողոքարկվել է վերաքննիչ դատարան. «Հարցը հետագայում ևս մենք վերաքաննիչում կփորձենք բարձրացնել քաղ. հայցի մասով, եթե հարկ լինի՝ առանձին քաղ. հայց կներկայացնենք ընդհանուր իրավասության այլ դատարանի, որպեսզի բոլոր հնարավորությունները սպառենք մինչև վճռաբեկ դատարան, որից հետո, իհարկե, հարցը բարձրացնելու ենք եվրոպական դատարան»,- ասաց փաստաբանը և նկատեց, որ այս պարագայում որոշակիորեն պատասխանատու է դառնում նաև ՀՀ-ն այն առումով, որ հրաժարվել է առհասարակ քաղաքացիական հայցը քննության առարկա դարձնել:

 

Նելլի Ավետիսյան