ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանի՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ընդունելու Սերժ Սարգսյանի պատրաստակամության վերաբերյալ հայտարարությունը որևէ կապ չունի Րաֆֆի Հովհաննիսյանի երեկ՝ Ազատության հրապարակում հնչեցրած առաջարկ-հայտարարության հետ:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգության» փոխնախագահ, Ազգային ժողովում համանուն խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Խոսքը տարբեր բաների մասին է. Րաֆֆի Հովհաննիսյանը շատ հասկանալի ասել է և՛հանդիպման օրակարգի մասին, և՛ թե ինչ է ակնկալում այդ հանդիպումից: Մամլո խոսնակի արձագանքը բացարձակապես չունի այդ հարցերի պատասխանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Նա ավելացրեց, որ իրենց նախընտրական շտաբում Արմեն Արզումանյանի արձագանքը չեն դիտարկում որպես իրական արձագանք Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություն-առաջարկին:
«Այդ իսկ պատճառով որևէ հանդիպում Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի միջև տեղի չի ունեցել»,- ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում հնչեցված Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկին՝ հանդիպել Սերժ Սարգսյանին և քննարկել իշխանությունը ժողովրդին փոխանցելու հարցը, ՀՀ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը Սերժ Սարգսյանի անունից պատրաստակամություն էր հայտնել ընդունելու Րաֆֆի Հովհաննիսյանին՝ իրեն հարմար ցանկացած ժամի. «Առավել ևս, որ կարիք կա պարզություն մտցնելու հանդիպման նպատակի մասին պարոն Հովհաննիսյանի հնչեցրած բավականին անհասկանալի ձևակերպումների մեջ»,- ավելացրել էր Արմեն Արզումանյանը:
Նա նաև ասել էր, որ միջազգային բոլոր դիտորդական առաքելություններն արձանագրել են, որ 2013 թվականի նախագահական ընտրությունները լավագույնն էին Հայաստանի Հանրապետության 21-ամյա պատմության մեջ, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում:
Որպես ամփոփում վերը նշվածի, Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը, «այն ձևակերպմամբ և այն օրակարգով», որ արվել էր,մնում է ուժի մեջ: