Այս տարի կանխատեսվում է զբոսաշրջիկների այցելության աճ: Այս մասին հուլիսի 13-ին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տուրօպերատորների միության նախագահ Ռոբերտ Մինասյանը:

 

«Տարիներ շարունակ մեզ մոտ զբոսաշրջիկների քանակը ավելանում է: Այս տարի նույնպես կանխատեսվում է զբոսաշրջիկների այցելության աճ»,- ասաց Մինասյանը:

 

Տուրիզմի փորձագետի խոսքով՝ Հայաստանը զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժ ունի, սակայն անհրաժեշտ է մեր երկիրը գովազդել թիրախային երկրներում, որտեղից առավել շատ են գալիս զբոսաշրջիկները:

 

«Մենք ունենք բոլոր պայմանները զբոսաշրջությունը զարգացնելու համար՝ հարուստ պատմամշակութային ժառանգություն,բնական ռեսուրսներ, մաքուր օդ, ազգային յուրահատուկ սնունդ, բացի դրանից մենք առանձնանում ենք հյուրասիրությամբ, որը նույնպես շատ կարևոր է»,- նշեց Մինասյանը:

 

Նրա խոսքով՝ Հայաստանի համար շատ կարևոր է զբոսաշրջության զարգացումը, քանի որ դրանով նաև զարգանում են նաև այլ ոլորտները:

 

«Զբոսաշրջության զարգացմամբ կխթանվի զարգացմանը նաև 53 այլ ոլորտներում:
Բացի դրանից, զբոսաշրջիկները, գալով տվյալ երկիր, ավելացնում են աշխատատեղերի քանակը: Մեկ զբոսաշրջիկի այցը ստեղծում է մեկից հինգ հարակից ոլորտների աշխատատեղ»,- եզրափակեց Մինասյանը: