Այս զավեշտալի, բայց միաժամանակ խորհրդային ժամանակաշրջանի համար խոսուն պատմությունը երևակում է «Ազգային փոքրամասնության» վերաբերյալ խորհրդային պատկերացումները:

 

Մեզ հասած հավաստի տեղեկատվության համաձայն, 1990թ. հունվարի 9-ի Բաքվի ջարդերից հետո, երբ, վերջապես, նաև շախմատիստ Կասպարովն ընդունեց, որ Բաքուն այնքան էլ «ինտերնացիոնալիստական» երկիր չէ և մի կերպ ճողոպրեց Ռուսաստան, Մոսկվայում ԽՍՀՄ գլխավոր դատախազությունում շտապ հրավիրվել կոլեգիայի նիստ՝ «Ազգամիջյան հարաբերությունների հողի վրա կատարված հանցագործությունների վերաբերյալ ՀԽՍՀ դատախազության հաշվետվության մասին»:

 

Իհարկե, պարզ տրամաբանությունը հուշում է, որ հունվարյան դեպքերը տեղի են ունեցել Բաքվում, ոչ թե Երևանում, ուստի հարկ էր լսել հենց Ադրբեջանի դատախազության հաշվետվությունը, սակայն այն քաոսային տարիների համար առավել հարգի էր պարադոքսը: Ինչևէ, երջանկահիշատակ գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանի և ԽՍՀՄ պատգամավոր Հենրիկ Իգիթյանի ջանքերով որոշվել է համատեղ լսել նաև Ադրբեջանի դատախազության հաշվետվությունը:

 

Մոսկվա ժամանելուն պես, ՀԽՍՀ դատախազության պատվիրակությունը Վլադիմիր Նազարյանի գլխավորությամբ նախապես այցելել է ԽՍՀՄ գլխավոր դատախազ Ալեքսանդր Սուխարևին, որին Նազարյանը առաջարկել է, որպեսզի զեկույցը ներկայացնի Գևորգ Դանիելյանը որպես դատախազության ազգամիջյան հարաբերությունների բաժնի պետ, սակայն Սուխարևը մնացել է անդրդվելի և պնդել, որ զեկույցով պետք է հանդես գա քննչական վարչության պետը՝ ազգությամբ քուրդ Թեմուր Բրոյանը: Վերջինս լինելով լուրջ մասնագետ էր, ռուսերեն լեզվով հրապարակային ելույթների առումով խնդիր է ունեցել, և զեկույցով հանդես գալու պատրաստված էլ չի եղել, ուստի առանց վարանելու, ելույթ է ունեցել հայերեն, ընդ որում, ուղիղ 40 րոպե… Այդ իրավիճակը բառերով նկարագրել հնարավոր չի եղել. ոչ ոք չէր թարգմանել նրա ելույթը, և բոլորը ապշած քմծիծաղով հետևել են Սուխարևին, թե ինչպես է արձագանքելու: Վերջինս 40 րոպե համբերատար լսելուց հետո, պարզապես «պայթել» է՝ պնդելով, թե մերոնք իրենց ծաղրում են:

 

Վլադիմիր Նազարյանը փորձելով մեղմել իրավիճակը, տեղից բացատրել է, որ Բրոյանը ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, սակայն դեռ չի ավարտել միտքը, երբ Սուխարևը կարծելով, թե Բրոյանի հայ լինելը նկատի ունենալով է, որ Նազարյանը նրան համարում է ազգային փոքրամասնության ներկայացուցիչ և, ըստ այդմ էլ, գտնում է, որ պարտավոր չէ խոսել ռուսերեն, սկսկել է ջղագրգիռ անկապ արտահայտություններ անել՝ ցուցում տալով անհապաղ պատրաստել Բրոյանին համակարգից հեռացնելու մասին հրամանի նախագիծ և ներկայացնել ստորագրության: Սակայն, առավել տպավորիչ է եղել Բրոյանի արձագանքը' «Нечего, через 10 дней будете подписать приказ о назначении»: Զարմանալի է, բայց 10 օր հետո Բրոյանը վերականգնվել է պաշտոնում ու միայն մի տևական ժամանակ հետո ազատվել իր դիմումի համաձայն:

 

Բրոյանի վերականգնվելու պատմությունն, ինչպես ասում են, արդեն այլ պատմություն է, այդ մասին նույնիսկ «առասպել» են պատմում, որի համաձայն, նա վերականգնվել է քուրդ օրենքով գողերի միջամտության արդյունքում: Գուցե նրանց թափը լավ իմանալո՞վ է, որ այդպես ինքնավստահ հայտարարել է ԽՍՀՄ գլխավոր դատախազ Սուխարևին' «Нечего, через 10 дней будете подписать приказ о назначении»: Հավատա՞լ այս տեղեկությանը, թե չհավատալ… Ո՞վ իմանա, ճշմարտությունն ինքը գիտի:

 

Արթուր Հովհաննիսյան