ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը 2017 թվականի հունիսի 14-18-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնական այցով գտնվելու է Բրյուսելում: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Այցի շրջանականերում ՔԱԳՎ պետը մասնակցելու է Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության («ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ») հատուկ խորհրդի նիստին և Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի (Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ընդհանուր ավիացիոն գոտու) տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը:
Եվրոպայի աերոնավիգացիոն անվտանգության կազմակերպության հատուկ խորհրդի նիստին նախատեսվում է «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի ընտրությունը:
ՀՀ ու ԵՄ միջև Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի տեխնիկական հարցերի շուրջ քննարկմանը նախատեսվում է վերջնականացնել համաձայնագրի մի շարք հոդվածներ, ինչպես նաև՝ պատրաստվել պաշտոնական բանակցությունների երկրորդ փուլին: