Ինչպես արդեն մամուլում բազմիցս գրվել է՝ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բազմաթիվ խոշոր նվերներ է ստացել, որոնք պարտաճանաչորեն հայտարարագրել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ` այսօր Կառավարության նիստից հետո նախարարը պարզաբանեց, թե այդ նվիրատվությունները ստացել է արտերկրում ապրող իր հարազատներից:

 

«Սիրով ձեզ հետ կկիսվեմ իմ ընտանեկան խնդիրներով: Իմ կնոջ ընտանիքը 1995 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում. մայրը, քեռին, լուսահոգի տատը, եղբայրը, նրանց կազմավորված ընտանիքները: Կարծում եմ, որ տարեկան մեկ անգամ կարող են նվիրատվություն անել և՛ իրենց քրոջը, և՛ երեք զարմիկին՝ նրանց ծննդյան տոների և առիթների կապակցությամբ»,- նկատեց նա:

 

Հարցին, թե նման խոշոր չափի նվիրատվություն արվե՞լ է մինչև Արմեն Մուրադյանի նախարար դառնալը՝ վերջինս պատասխանեց, որ խոշոր չափը հարաբերական է, իսկ այդպես եղել է սկսած 1995 թվականից: