ԱԱԾ-ն քիչ առաջ տարածել է համապատասխան հաղորդագրություն, որի շրջանակներում և դրանից դուրս ուզում եմ ասել, որ բանակցությունների շրջանակում երեկ գիշեր ազատվել է մեկ պատանդ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ՝ շտապ օգնության մեքենայի վարորդը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:

 

Վերջինս նշեց, որ ներկայումս իրավիճակը նույնն է:

 

«Համապատասխան օպերատիվ և կանխարգելիչ գործողություններն իրավապահ մարմինների կողմից շարունակվում են: Այս պահին ներսում կա հինգ պատանդ ոստիկան: Մեր պահանջները և իրենց պահանջները շարունակում են մնալ նույնը: Մեր պահանջը միանշանակ է. ազատ արձակել պատանդներին, չսրել իրավիճակը և հանձնվել: Փոխզիջումները պետք է լինեն երկուստեք: Երբ իրենց կողմից կտեսնենք համապատասխան ադեկվատ քայլ, կլինի համապատասխան ադեկվատ քայլ մեր կողից: Ես դեռ երեկ եմ ասել, որ ոստիկանությունը և իրավապահ ողջ համակարգը կարող է ձեռնարկել համապատասխան բոլոր օրենքով թույլատրելի միջոցառումները»,- ասաց Պողոսյանը:

 

Վերջինս, անդրադառնալով երեկ ձերբակալված ակտիվիստներին, ասաց, որ բոլոր իրավական հիմնավորումները կան, բացի այդ՝ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել, մի մասը ենթարկվել է վարչական պատասխանատվության, ոմանք էլ ներկայացել են հարցաքննության:

 

Պողոսյանը նշեց նաև, որ ոստիկանապետը դեպքից անմիջապես հետո և մինչ այժմ վերահսկում է գործողությունների ողջ ընթացքը:

 

Տեղեկացրեց, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ առայժմ հանդիպում չի եղել: