«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը մանրամասներ է ներկայացրել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ առավոտյան տեղի ունեցած միջադեպից, որի արդյունքում նա մարմնական վնասվածքներով հայտնվել է հիվանդանոցում: Նա պատմեց, որ առավոտյան, ժամը 08:30-ին, երբ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի մասնակիցները Հանրապետության հրապարակից շարժվել են դեպի կառավարության 3-րդ մասնաշենք, ինքն էլ է գնացել նշված տարածք և փորձել է ֆիքսել մարդկանց, ում վարքագիծը տարբերվել է հավաքի մասնակիցների վարքագծից: Լրագրողը պատմեց, որ մի շարք անձանց թվում ֆիքսել էր նաև այն երկու անձանց, ովքեր հետո հարձակվել են իր վրա: «Այդ երկուսը նկատեցին, որ ես իրենց նկարել եմ, փորձեցին հեռանալ իմ տեսադաշտից: Նրանք հեռացան իմ տեսադաշտից, իսկ ես գնացի կառավարության երրորդ մասնաշենքի մուտքի մոտ, կանգնած էի մուտքից մոտ 30 մետր հեռավորության վրա, և տեսա, որ այդ երկուսը կողքս են: Նրանցից մեկը սև հագուստով էր, մյուսը` կապույտ հագուստով: Կապույտ հագուստով անձը հարցրեց` ինչի՞ ես նկարել ու սկսեց բռունցքներով հարվածել ինձ: Այդ պահին միացավ նաև մյուսը և սկսեցին հարվածներ հասցնել գլխիս, մարմնիս տարբեր հատվածների: Հետո նրանք փորձում էին հեռանալ, ես փորձեցի գնալ հետևներից, որպեսզի ֆիքսեմ, հասկանամ, թե ովքեր են»,- պատմեց լրագրողը:

 

Նա հավելեց, որ Գարեգին Նժդեհի արձանի մոտ սև հագուստով անձը կրկին փորձել է իրեն հարվածել և իրավիճակ է ստեղծվել, որ երկուսով ընկնում են գետնին: «Հետո նա վեր կացավ և փախավ, գնաց դեպի Մելիք-Ադամյան փողոց: Այդ ընթացքում ես մոտեցա Բուզանդի փողոցի վրա կանգնած ոստիկաններին, հրեշտակների գումարտակի մի մայորի ասացի, որ լրագրող եմ, միջադեպ է տեղի ունեցել, իսկ նրանք փախչում են: Նա արհամարհական խփեց ձեռքիս` ասելով «գիտենք, որ լրագրող ես»: Դրանից հետո ես միջադեպի մասին տեղեկացրի գործընկերներիս, նրանք ինձ առաջարկեցին շտապ օգնություն կանչել: Դրանից հետո ինձ շտապ օգնության մեքենայով բերեցին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, հետազոտվել եմ, պաշտոնապես ոչինչ դեռ չեն ասել, սակայն ես գիտեմ, որ գլխիս հատվածում ունեմ փափուկ հյուսվածքների սալջարդ»,- մանրամասնեց Տիրայր Մուրադյանը:

Բժիշկներն ասել են, որ նա մի քանի ժամ պետք է հիվանդանոցում մնա, որից հետո կկարողանան դուրս գրվել: Հիվանդանոցում լրագրողին նաև ոստիկանության աշխատակիցներն են այցելել: Տիրայր Մուրադյանը հաղորդում է տվել ոչ միայն միջադեպի, այլ նաև ոստիկանների անգործության վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարել է. «ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ «sut.am» կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»։