Որոշ փաստերի համադրումը, տրամաբանությունը և վերլուծությունը հանգեցնում են այն մտքին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապես տեղյակ է եղել իր դեմ նախապատրաստվող ռազմական հեղաշրջմանը: Սակայն նախապատրաստվելով այն տապալելուն և վստահ, որ հեղաշրջումը կարողանալու է ձախողել՝ չի կանխել այն, քանի որ ձախողված հեղաշրջման արդյունքում իր և իր քաղաքական թիմակիցների դիրքերն ամրապնդվելու են Թուրքիայի ներսում, կարողանալու է իրականություն դարձնել իր երազած, իրեն գրեթե միապետի բացարձակ լիազորություններ ու կարգավիճակ տվող սահմանադրական փոփոխությունները:

 

Ավելին' իր դեմ ռազմական հեղաշրջման փորձը տապալել կարողանալով՝ Էրդողանն իր և Թուրքիայի դիրքերն ամրապնդում է նաև տարածաշրջանում և աշխարհում, ինչը նույնպես շատ կարևոր է:
Բացառված չէ նույնիսկ, որ Էրդողանը բանակում գտնվող իր մարդկանց միջոցով արհեստականորեն արագացրել է ռազմական հեղաշրջման նախապատրաստական գործընթացը: Այսինքն' Էրդողանի մարդիկ ռազմական հեղաշրջման մտադրություն ունեցողներին քաջալերել, ոգեպնդել են, հավաստել, որ հենց հեղաշրջումը սկսեցին, իրենք էլ նրանց կողքն են կանգնելու, և երկիրը փրկելու համար դա հնարավորինս շուտ պետք է անել: Եվ այս ամենը' նրա համար, որպեսզի հեղաշրջման պատշաճ նախապատրաստությունը դեռ չավարտված, լինի վաղաժամ պարպում:

 

Պատկերացրեք, որ, եթե այժմ մոտ 10 գեներալ է մասնակցել ռազմական հեղաշրջման փորձին, ապա իրենց բնական հունով իրադարձությունների զարգացման պարագայում նրանց թիվը, ասենք, կես կամ 1 տարի հետո կարող էր կրկնապատկվել, եռապատկվել, և այդ դեպքում արդեն իրավիճակն իսկապես կարող էր դուրս գալ վերահսկողությունից:

 

«Սա Ամերիկային լուրջ մեսիջ էր,- Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, տարածաշրջանային վերլուծաբան Սարգիս Հացպանյանը:- Տեսեք կրակից քանի շագանակ է հանում Էրդողանը: Կատարվածն իրեն շատ մեծ օգուտ եղավ: Ամերիկային ինքը սրանով մեսիջ է ուղարկում, ասում է' Գյուլենը լինի, չլինի, Ամերիկա, դու նրան աջակցես, չաջակցես, տեսա՞ր, որ Թուրքիայում ես եմ իրավիճակի տերը, դու ինձ հետ պետք է հաշվի նստես, ես միակն եմ և անկրկնելին, եզակին, հասկացա՞ր… Եզակիությունն է ծախում:

 

Եվրոպային էլ տեղի ունեցածով մեսիջ է տվել, որ դուք թքած ունեիք իմ վրա, ինձ հետ խաղում էիք, ես արդեն ռադս կքաշեմ, կգնամ, ձեր Եվրամիությունն ինձ արդեն պետք չէ, ես Արևելքում եմ ուժ դառնալու, իսլամական աշխարհում և այլն, երկրի տերն ու տիրականն ես եմ և ժողովրդի աջակցությունն եմ վայելում: Դա անընդհատ մեջբերվող բան է, և դա, իրոք, այդպես է: Նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններին ընտրողների 85 տոկոս մասնակցություն գրանցվեց, և այդ պայմաններում նրա կուսակցությունը մեծամասնություն ձեռք բերեց, դա, իրոք, ժողովրդի վստահության քվեն է, այդտեղ քննարկելու բան չկա:
Այս դեպքում ևս ժողովուրդը նրան թիկունք եղավ, ըմբոստացած զինվորականներին սաստեց, գուցե տեսել եք, թե ինչպես են դրոշակները ձեռքերին, կտրում զրահամեքենաների, տանկերի առջևը, ծեծում զինվորներին, բաց կրծքով, անզեն վիճակով նրանց դեմ ելնում, ասում' կրակի՛, կրակի՛, Թուրքիան ես եմ, և գոռում' Ալահ ակբար, Ալահ ակբար (արաբերեն' Աստված մեծ է, այսինքն' Աստծուց մեծը չկա, ամենամեծն է)… Նամազային այդ կարգախոսով, կարծում եմ, իսլամական աշխարհին էլ մեսիջ ուղարկվեց: Կարճ ասած, Էրդողանը մի քարով մի քանի թռչուն խփեց:

 

Ինչո՞ւ եմ ես մտածում, որ այդ ամենի ետևում ինքը' Էրդողանը կարող է կանգնած լինել, այսինքն' ես չեմ բացառում, որ ինքն այդ ամբողջի ետևում լինի: Չէին կարող բանակում նման մասշտաբի ըմբոստության նախաձեռնողական աշխատանքներ կատարվել, առանց ազգային անվտանգության ծառայության կողմից նկատվելու: Չէ՞ որ ազգային անվտանգության ծառայությունը սա պետք է նկատեր և Էրդողանին հաղորդեր, ինչպե՞ս չնկատվեց… Ինձ թվում է, որ իրենք իմացել են, հետևել են, բայց չեն կանխել, Էրդողանի թողտվությամբ է եղել: Սա իմ անձնական կարծիքն է, այն կարող է և ճիշտ չլինել, բայց եթե ճիշտ է, ապա նշանակում է, որ Էրդողանն այդպիսով դարի քայլ արեց իր համար»:

 

Արթուր Հովհաննիսյան