Հայաստանի ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այսօր Երեւանի Ազատության հրապարակում հավաքված մի խումբ անձինք հայտարարել են, որ երթով շարժվելու են դեպի Խորենացի փողոցի այն հատվածը, որը շարունակում է արգելափակված մնալ հուլիսի 17-ի առավոտյան ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի վրա կատարված զինված հարձակման եւ այդտեղ պատանդներ պահելու հետեւանքով:
Միաժամանակ, հավաքի մասնակիցները փորձում են վերջնագրեր ներկայացնել ոստիկանությանը եւ իրավապահ այլ մարմիններին՝ նրանցից պահանջելով կատարել կոնկրետ գործողություններ կամ ձեռնպահ մնալ օրենքով իրենց վերապահված լիազորություններն իրականացելուց: ՀՀ ոստիկանությունը հայտարարում է, որ հուլիսի 17-ի առավոտից Խորենացի փողոցում իրավասու պետական մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվում է հակաահաբեկչական օպերացիա:
Քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երեւան քաղաքի այդ հատվածում քաղաքացիական բնակչության եւ տրանսպորտի ազատ տեղաշարժը սահմանափակված է եւ մնալու է այդպիսին, քանի դեռ ստեղծված իրադրությունով պայմանավորված՝ իրավասու մարմինների կողմից այլ որոշում չի կայացվել:
Ոստիկանությունը հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ արկածախնդրությունից, երթեր չկազմակերպել դեպի հատուկ պահպանվող գոտի եւ իրավապահ մարմինների համար չստեղծել լրացուցիչ դժվարություններ:
Միաժամանակ ոստիկանությունը զգուշացնում է, որ այս հորդորներին եւ նախազգուշացումներին չենթարկվելու, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնող իրավապահ մարմինների գործունեությունը որեւէ կերպ խոչընդոտելու դեպքերում իրավախախտների նկատմամբ կիրառվելու են օրենսդրությամբ նախատեսված համարժեք միջոցներ»: