«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսօր Ազատության հրապարակում ժողովրդի շարքերում էր։ Tert.am-ի և «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է՝ իր ներկայությամբ բողոքն արտահայտելու։
«Այսօր Ղարաբաղյան շարժման 25-ամյակն է։ 25 տարի է այս հրապարակում հանրահավաքներ են տեղի ունենում, 25 տարի այս ժողովուրդը հրապարակ է եկել և պայքարել է, այս ժողովուրդը պայքարի ջանք ունի և ապագա ունի, պայքարել է իր ֆիզիկական անվտանգության համար, Ղարաբաղյան ազատամարտից, հետո պայքարել է իր անկախության համար, հիմա պայքարում է իր իրավունքների համար։ Այդ պայքարի ընթացքում ես միշտ այստեղ եմ եղել, սա իմ հրապարակն է, իսկ ես այնտեղ եմ, որտեղ ժողովուրդն է»,- նշեց նա և հիշեցրեց, որ Խորհրդարանական ընտրություններից հետո ինքը վայր դրեց իր մանդատը և ասաց, որ խորհրդարանի փոխարեն գերադասում է լինել փողոցում, ժողովրդի հետ։ «Ես իմ ասածի համաձայն եկել եմ այստեղ ու մասնակցում եմ այս գործընթացին»,- նշեց նա։
Թե ինչ է լինելու այս գործընթացով, ինչ քայլեր կլինեն, Արամ Սարգսյանի կարծիքով կոռեկտ չէ ինքը պատասխանի։ «Այդ հարցերին պետք է պատասխանեն այն մարդիկ, ովքեր ակտիվ մասնակցություն են ունեցել, ովքեր կոնկրետ թեկնածու են եղել, ովքեր շատ բարձր քվեներ են ստացել։ Կանխատեսումները վերլուծություններն ինչքան օգտակար, այնքան էլ վնասակար են, և բարոյական էլ չի, որովհետև, եթե ես այդքան քվեներ հավաքած լինեի, ես քայլերը կասեի, հիմա իրենք պետք է ասեն, ես էլ որպես քաղաքացի որպես քաղաքական մարդ կմասնակցեմ այդ գործընաթցին»,-ասաց նա, իսկ հարթակ, նշեց, որ չի բարձրանա։ «Ես կլսեմ, թե հարթակից ինչ են ասում և իմ ուժերի ներածին չափ կաջակցեմ այս խայտառակ ընտրություններին վերջ տալու, այս երկրում վերջնական արդարություն հաստատելու համար»,- նշեց նա։
Այլ քաղաքական ուժերի միանալու վերաբերյալ Հանրապետություն կուսակցության ղեկավարը նույնպես հրաժարվեց որևէ կանխատեսում անել։ «Որովհետև, եթե ես կանխատեսում անեմ, կնշանակի մնացածին ասել՝ դուք էլ եկեք հրապարակ, որ ես լավն եմ, եկել եմ, դուք լավը չեք, որ չեք եկել. նման բան չկա։ Նման պարագայում յուրաքանչյուր մարդ տանը նստած հեռուստացույցի առաջ որոշում է, եթե իր սրտով է՝ գնում է հրապարակ ինչ-որ բան անելու, թեկուզ իր ներկայությամբ իր բողոքն արտահայտելու»,-ասաց նա։
Ինչ վերաբերվում է հնարավոր նոր համաժողովրդական շարժում ձևավորելուն, ապա ՀԱԿ նախկին անդամը նշեց, որ շարժման խնդրի մեջ չէ արդարության պահանջը: «Արդարության պահանջը այն յուրաքանչյուր քաղաքացու մեջ է, որը տանը նստած քարոզարշավին նայելով, երկրի իրավիճակը նայելով, իր հարևանների փակ դռներին նայելով՝ գնաց ու քվեն տվեց, այ այստեղ է»,- ասաց նա։
Իսկ թե Րաֆֆի Հովհաննիսյանը որպես առաջնորդ ունա՞կ է ժողովրդին վերադարձնել իշխանությունը, Արամ Սարգսյանը նշեց, որ ժողովուրդն իր ձայնը տվել է Րաֆֆի Հովհաննիսյանին, դրանով նրան ընտրելով իրենց առաջնորդ։ «Թող լսեն, թե ինչ է ասում ու ըստ այդ առաջնորդի ասածի էլ առաջ գնա, կհավատան, ժողովրդի սրտով կլինի, միաժամանակ հաջողություն կունենա, սրտով չի լինի այդ ասածները ժողովուրդն ինքն իրեն կարող է մեղադրել, որ այս անգամ էլ առաջնորդի առումով ինքը չունեցավ այն հաջողությունը, ինչ նախկինում»,-ասաց նա։
Ամեն դեպքում Արամ Սարգսյանը փաստում է, որ ինքը հիանում է այս ժողովրդով։ «Այս ժողովուրդն ապացուցեց, որ իրեն անհուսության մեջ թողնելու ցանկացած պարագայում, ինքը միևնույնն է նախագահական ընտրություններում իր վճռական «այո»-ն ասում է ընդդիմությանը։ Սա լավագույն ցուցանիշն է, սա պայքարող ժողովրդի հիմնական առավելությունն է, անկախ նրանից, թե աշխարհաքաղաքական որ կենտրոններն ինչ են մտածում Հայաստանի ապագայի մասին, թե մենք քաղաքական դաշտում տարբեր իշխանական կամ որոշակի ընդդիմադիր իրենց համարող կուսակցություններ ինչ ծրագրեր ու մեխանիզմներ է մտածում, միևնույնն է, ժողովուրդն ապագա ունի և այդ ապագան ժողովրդավարության, արդարության մեջ է։ Ես հավատում եմ այդ վիճակին»,- նշեց նա։