Ադրբեջանական կողմը կրկին կրակել է Տավուշի սահմանամերձ Մովսես գյուղի ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց համայնքի ղեկավար Արարատ Ավալյանը' նշելով, որ, բարեբախտաբար, վնասներ և տուժածներ չկան: Նրա խոսքով' նախկինում Մովսեսի վրա հիմնականում երեկոյան են կրակել, այս անգամ չափն անցել են ու գյուղն առել կրակահերթերի տակ այն ժամանակ, երբ երեխաները դրսում խաղալիս են եղել:

 

«Իրենց մոտ հինգշաբթի օրը «պոլիգոնի» օր է, մենք նրանց պահվածքից ենք հասկացել: Այդ օրերին կրակում են դիրքերի վրա, արդեն գիտենք' ինչ է կատարվում: Բայց գյուղի վրա այս կարգի կրակոց վաղուց չէր եղել: Եղել են հատուկենտ, բայց որ երեխաները խաղալուց լինեն, կրակեն անցած տարվա սեպտեմբերի դեպքերից հետո չէինք ունեցել»,-ասաց Արարատ Ավալյանը: Գյուղապետը հայտնեց, որ երեխաներն, իհարկե, վախեցել են, բայց երկու ժամ հետո կրկին շարունակել են խաղը: «Մեր ժողովրդի կամքը կոտրել չի լինում»,-ավելացրեց Ավալյանը:

 

Նրա տեղեկացմամբ' գյուղում կյանքն ընթանում է բնականոն հունով, ամեն մեկն իր առօրյա հոգսերով է զբաղված: «Այս պահին հունձք է, արտերը հնձում են, այգիներն են մշակում»,-նշեց նա:

 

Ինչ վերաբերում է պատասխան կրակ բացելուն, ապա Ավալյանի խոսքով' հայկական կողմը փորձում է չբորբոքել իրավիճակը: «Կարող է նրանք առիթ են ման գալիս, որ մերոնք էլ կրակեն իրենց ուղղությամբ, բայց որ ծավալվեն, այդ դեպքում նոր աչքերը կհանենք»,-եզրափակեց Մովսեսի գյուղապետը:

 

«Արմենպրես»-ը զրուցեց նաև Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերի գյուղապետերի հետ, ովքեր նշեցին, որ իրենց համայնքների ուղղությամբ չեն կրակել, իրավիճակը հանգիստ է: