Քիչ առաջ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, դատախազության և քննչական մարմինների ղեկավարների մասնակցությամբ և ՊՊԾ գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն և իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը:

 

«Պատանդները պետք է ազատ արձակվեն: Զինված խումբը պետք է վայր դնի զենքը»,- ասել է Սարգսյանը: Այս հայտարարությունից հետո մեկը մեկին հերթ չտալով՝ սկսեցին հայտարարություններ տարածել մնացած քաղաքական ուժերն, այդ թվում` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում «Հայազն» կուսակցության վարչության անդամ, ակտիվիստ Արմեն Մկրտչյանը մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հայտարարությունն, ասաց.

 

«Սարգսյանի ելույթն իրենից ենթադրում էր «ես այստեղ եմ, ներկա եմ» երևույթը, ինքը որևէ նոր բան չասաց, ինքը որևէ նոր ուղղորդում չտվեց ուժային կառույցներին, ինքն անգամ չներկայացրեց և չպահանջեց իրեն ներկայացնել, թե ինչ պայմաններում է զոհվել ոստիկանության գնդապետը, այս ամենը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը գիտակցում է, որ իրավիճակը օրհասկան է և չի ցանկանում ավելորդ լարում մտցնել պրոցեսի մեջ: Եթե զոհ ունենք և զոհն էլ Ոստիկանության գնդապետ է՝ պետք է օր առաջ ներկայացվեր, թե ինչ պայմաններում է զոհվել գնդապետը: Թեև գործողություն իրականոցնողները ներկայացրին, բայց երկրորդ կողմը` իշխանությունները, ևս պետք է ներկայացնեին»: 

 

Ըստ մեր զրուցակցի` արտաքին ճնշումներից ևս Սերժ Սարգսյանը մտավախություն ունի, մասնավորապես, արևմուտքից: Այդ իսկ պատճառով էլ շրջանառության մեջ դրվեց ռուսական «Ալֆա» հատուկջոկատայինների խմբի Հայաստան ժամանելու լուրը, որն, ըստ Մկրտչյանի, ընդամենն արևմուտքին ուղղված մեսիջ էր:

 

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որում նա ևս կոչ էր անում խուսափել նոր արյունահեղությունից և խնդիրը լուծել բանակցությունների միջոցով, որքան էլ դրանք դժվար լինեն եւ ողջամիտ ժամանակ պահանջեն, Արմեն Մկրտչյան ասաց.

 

«Լևոն Տեր-Պետրոսյանն ապրիլյան պատերազմի օրերից սկսած իր հինգ մանդատի համար պայքարը շարունակում է և Սերժ Սարգսյանին կոմպլիմենտներ անելու հերթական քաղաքականությունն է վարում: Ինքը քաջ գիտակցում է, որ քաղաքական հենարան ՀԱԿ-ն այլևս չունի, Գագիկ Ջհանգիրյանի և նմանների հայտարարություններն ապստամբների վերաբերյալ ուղղակի փոշիացրին իրենց հնարավոր համակիր զանգվածի համակրանքը իրենց հանդեպ: Այդ պատճառով մնում է մի ելք` ինչպես բոլոր մարած ընդդիմություններն են ապավինել իշխանություններին, իրենք ևս այդ քայլին գնացին` հույս ունենալով, որ 2017-ին այդ հայտարարությունների դիմաց որոշակի նվերներ կստանան»: 

 

Նելլի Ավետիսյան