Հուլիսի 17-ի միջադեպից օրեր անց ՊՊԾ գնդում պատանդառության 6-րդ օրը հրապարակային գնահատականներ տվեցին երկրի գործող և առաջին նախագահները։ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի գնահատականներում, դիրքորոշումներում ընդհանրությունները շատ էին։ Գործող ու նախկին նախագահները ձեռնպահ են մնացել էմոցիոնալ և կտրուկ ձևակերպումներից՝ կարևորելով ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը։
Երեկ Սերժ Սարգսյանը խորհրդակցության էր հրավիրել ուժային կառույցների ղեկավարներին։ Նա իր խոսքում հստակ հասկացրել է, որ իշխանությունները տեղի չեն տալու զինված խմբի պահանջին և բանակցելու են զինյալների հետ բացառապես պատանդներին ազատ արձակելու և զենքը վայր դնելու օրակարգով։
«Հայաստանում բռնի ուժով, հարձակումով և պատանդ վերցնելով հարցերը չեն լուծվելու»,- ասել է նախագահը։ Սերժ Սարգսյանը հստակ հասկացրել է, որ իշխանությունները չեն գնացել իրավիճակի հանգուցալուծման դասական ճանապարհով, որպեսզի զինված խումբը հետ քայլի ճանապարհ ունենա։ Առաջին նախագահի հրապարակման մեջ հուլիսի 17-ի միջադեպի վտանգավորությունը դիտարկվել է Արցախի շուրջ ընթացող զարգացումների համատեքստում։ Լևոն Տեր-Պետրոսյանի մտահոգությունները միանգամայն տեղին են, որովհետև Խորենացի փողոցում շարունակվող իրադարձությունները կարող են խթան հանդիսանալ ադրբեջանական նոր ագրեսիայի համար։ Ի դեպ, հենց երեկ հակառակորդը կրակի տակ է պահել Տավուշի մարզի Մովսես գյուղը։ Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Տեղի են ունենում այլ իրադարձություններ, որոնք հեռանկարում կարող են ազդել ԼՂՀ խնդրի կարգավորման գործընթացի վրա։ Ամրապնդվում է ադրբեջանաթուրքական ռազմական համագործակցությունը։ Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով Բաքվի մոտակայքում գտնվող ռազմական օդանավակայանի տերմինալը տրվում է Թուրքիայի ռազմաօդային ուժերի օգտագործմանը։ Այս ամենը գալիս է հաստատելու առաջին նախագահի մտահոգությունները։ Սակայն վերադառնանք հուլիսի 17-ի միջադեպին և Սերժ Սարգսյանի խոսքին։ Դրանից կարելի է հստակ հասկանալ, որ իշխանությունները որևէ կերպ չեն բավարարելու Ժիրայր Սէֆիլյանին ազատ արձակելու զինված խմբի պահանջը։ Փոխարենը խմբի անդամներին Սարգսյանը երաշխավորել է օրինական քննություն, եթե վայր դրվի զենքը, ազատ արձակվեն պատանդները։
«Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով»,- երեկ հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Իշխանության խոսքն հնչեց, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։ Զինված խումբն ունի երկընտրանք՝ խաղաղ հանձնվել և պայքարի հարթակ դարձնել քննությունը, դատարանը կամ շարունակել զինված պայքարը։
Այսօր առավոտյան ծավալված իրադարձությունները, կարծես թե, հուշում են, որ զինված խումբը դրականորեն է արձագանքել Սերժ Սարգսյանի խոսքին։ Արցախյան պատերազմի հայտնի հրամանատար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ջանքերն, ըստ ամենայնի, արդյունք են տալիս։ Ըստ վերջին լուրերի՝ զինված խումբը համաձայնել է ազատ արձակել պատանդներին, լրատվական կենտրոն բացելու պայմանով։
Սարգիս Հակոբյան