ՊՊԾ գնդի զավթման առիթով հարուցված քրեական գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՔԾ վարույթ: Պատանդ վերցնելու, շենք-շինություն զավթելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու մեղադրանքով  ձերբակալվել կամ կալանավորվել է 47 մարդ: Մոտ մեկ տասնյակ մարդ՝ այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը և այլք անազատության մեջ են՝ զանգվածային անկարգություններ հրահրելու, կազմակերպելու մեղադրանքով:

 

Սակայն խնդրի իրավական կողմից առավել կարևոր են քաղաքական հետևությունները,որոնք պետք է արվեն իշխանության, ընդդիմության, նաև հասարակության կողմից:

 

14-օրյա ճգնաժամի օրերին շատերին է տարակուսել հանրապետության նախագահի լռությունը:


Այդ ընթացքում Սերժ Սարգսյանը խոսեց ընդամենը մեկ անգամ, այնուամենայնիվ, կարևոր է, որ ճգնաժամը հանգուցալուծվեց համետաբար խաղաղ ճանապարհով: 

 

Միջադեպի հանգուցալուծումից հետո երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է իշխանության, հոգևորականության և հասարակության ներկայացուցիչների հետ՝ հանդես գալով ծավալուն ելույթով:


Նախագահի ելույթում շեշտադրված էր այն միտքը, որ հուլիսի 17-ին տեղի ունեցածն ահաբեկչություն է:

«Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը:  Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու: Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է»,- ասել է Սարգսյանը:

 

Վերջինս արդարացիորեն նկատել է, որ յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ:


Նախագահը հրապարակայնորեն բաց դատավարություն է խոստացել և բացառել է անձնական վրեժխնդրության դրսևորումը:


Սա կարևոր մեսիջ է մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը, որոնք, մեղմ ասած, չեն վստահում հայաստանյան արդարադատությանը:

 

Հակառակ որոշ կանխատեսումների՝ հանրապետության նախագահը շրջանցել է ուժային մարմինների գործողությունների անհամաչափության թեման:


Սերժ Սարգսյանն արժևորել է ԱԱԾ-ի, Ոստիկանության, մյուսների պրոֆեսիոնալիզմը,հուլիսի 29-ի միջադեպի համար ներողություն խնդրել լրագրողներից՝ խոստանալով, որ այլևս նման բան չի կրկնվի:

 

Քաղաքացիներին մարդաորսի, նրանց նկատմամբ բռնությունների մասին՝ ոչ մի խոսք:

Սա ենթադրել է տալիս, որ ուժային համակարգում կադրային լուրջ փոփոխություններ չեն լինելու, գոնե մինչև խորհրդարանական առաջիկա ընտրությունները:

 

Նախագահը չի խոսել նաև այն պատճառների մասին, որոնք ծնում են քաղաքական ծայրահեղականություն՝ խոստանալով միայն արմատական փոփոխությունների գործընթաց:

 

Այսպիսով, չի բարձրացվում ուժայինների ոչ համաչափ գործողությունների հարցը, շրջանցում են արմատականությունը ծնող պատճառները և չեն նշվում հնարավոր բարեփոխումների ուղղությունները:


Ենթադրվում է, որ իշխանություններն առայժմ չունեն գոծողությունների հստակ ծրագիր: Հուլիսի 17-ի միջադեպի հանգուցալուծումից հետո օրակարգային է դարձել պետության ընթացքի հարցը՝ իշխանությունները տրվելու են ռեպրեսիվ քաղաքականության գայթակղությանը, թե շեշտը դնելու են խորքային բարեփոխումների իրականացման վրա:

 

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն այս հարցի պատասխանը չի տվել: Փոխարենը՝ Սարգսյանը խոսել է ազգային համաձայնության իշխանություն, կառավարություն ձևավորելու նպատակի մասին:

 

Հավանաբար հենց այս կարգախոսն է գերակա լինելու ՀՀԿ առաջիկա քարոզարշավի օրակարգում: Եթե ազգային համաձայնության մինի մոդել է դիտարկվում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան և առաջիկա ընտրություններում այս երկու կուսակցությանը գումարվելու են ևս մեկը կամ երկուսը, ապա ոչ թե դա ազգային համաձայնություն է, այլ հասարկության թիկունքում կայացած ստվերային պայմաանավորվածություն:

 

Մեզ պետք է ոչ թե ազգային համաձայնության իշխանություն կամ կառավարություն, այլ ազգային համաձայնություն օրինական ընտրությունների անցկացման գաղափարի շուրջ: Միայն այդ դեպքում կունենաք նոր որակի իշխանություն և արդյունավետ կառավարում՝ բացառելով նոր «Սասնա ծռերի» ծնունդը:

 

Սարգիս Հակոբյան