Հայաստանում տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունները հետզհետե սկսում են է՛լ ավելի լայն արձագանք ստանալ աշխարհում, քան պարզապես միջազգային լրատվամիջոցների կողմից այս հարցի նկատմամբ դրսևորած հետաքրքրասիրությունն է, ինչի փայլուն վկայությունն է դարձել ԵՄ հայտարարությունը' Երևանում տեղի ունեցող դեպքերի հետ կապված:

 

Տեղեկատվության կարգով նշենք,որ ԵՄ պատվիրակությունը, մասնավորապես, հայտարարել էր' քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է: Ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և Ոստիկանության կողմից իրականացրած զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ ԵՄ-ն իշխանություններին կոչ է արել հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ:


Պարզվում է, սակայն, որ սույն հայտարարությունը դուր չի եկել պաշտոնական Մոսկվային, որը, ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակի շուրթերով ուղղակիորեն հայտարարել է' դժվար է ազատվել տպավորությունից, թե ԵՄ դիվանագետները զուգերգում են այն ուժերին, որոնք փորձում են ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը: Մոսկվան, ըստ էության, իր տագնապն է հնչեցրել այն մտավախության հետ կապված, որ չի բացառվում' Հայաստանում ստեղծված անկայուն իրավիճակից Արևմուտքն օգտվի ու գունավոր հեղափոխության փորձ անի' մեկընդմիշտ վերջակետ դնելով Անդրկովկասում ռուսական շահերի առաջխաղացմանը:


Այն, որ Երևանում բարձրացած ապստամբության թիվ մեկ պատճառը ղարաբաղյան հարցում մեր իշխանությունների որդեգրած կրավորական կեցվածքն էր, պարզ էր ապստամբության առաջին իսկ ժամերից. թիվ մեկ պահանջն իշխանություններին այն էր, որ վերջիններս դադարեն տուրք տալ Մոսկվայի հորդորներին ու ոչ մի գնով չհամաձայնեն թշնամուն տարածքներ զիջել:

 

Պետք է ընդգծենք, որ երևանյան ապստամբությունը նույն Արևմուտքի կողմից, խոշոր հաշվով, հենց այդպես էլ ընկալվում է. Բրայզայի վերջին հայտարարւթյունները' դրա վառ ու անհերքելի ապացույց: Ի տարբերություն Արևմուտքի քաղաքականության, որ միշտ աչքի է ընկել ծայրահեղ զգուշավորությամբ ու գրագետ հաշվարկներով' Ռուսաստանի անդրկովկասյան քաղաքականությունը մշտապես եղել է դիվանագիտություն' ուժի դիրքերից, քաղաքականություն, որ մշտապես բնութագրական է եղել ռուսական դիվանագիտությանը: Ասել կուզի' Մոսկվան չէր կարող հաշվարկել, չէր կարող անգամ պատկերացնել, որ մի խումբ մարդկանց ապստամբությունը կարող էր Հայաստանի աշխարհաքաղաքական արժեքը տարածաշրջանում այսչափ բարձրացնել ' վերածվելով իսկական «խաթայի»' Մոսկվայի գլխին:


Ապստամբները, կամա թե ակամա, դարձան յուրատեսակ ուղերձ Պուտինին առ այն, որ Հայաստանն արցախյան բանակցություններում իր համար աննպաստ ելքի դեպքում կհրաժարվի «բոլոր ձվերը միևնույն զամբյուղում դնելու»' վերջին տարիների իր քաղաքականությունից' այսպիսով «կանաչ լույս վառելով» արևմտյան այն ուժերի համար, որոնք ծարավ են' ՌԴ-ին Անդրկովկասից մեկընդմիշտ ու անվերադարձ հետ շպրտելուն:

 

Համաձայնե՛ք, իշխանությունների' ապստամբների ու նրանց կողմնակիցների նկատմամբ դրսևորած անբնական հանդուրժողականությունը միանգամայն ընկալելի է դառնում այն պարագայում, երբ հարցն այս դիտարկում ես հենց վերոգրյալի կոնտեքստում. միգուցե կարող է հակասական հնչել, բայց ապստամբությունն այս օդի ու ջրի պես անհրաժեշտ էր, քանի որ սա հստակ ազդակ էր այն բանի, որ աշխարհի ոչ մի գերտերություն, որքան միջուկային մարտագլխիկ էլ իր զինանոցներում ունենա, չի կարող ամենավճռորոշ պահին տրորել մեր կենասական շահերն ու մեր հաշվին թուրքերի հետ «քիրվայություն» անել (Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիան կարող է դառնալ միջնորդ կողմ վարվող բանակցություններում, եկավ վերջակետ դնելու նունիսկ ամենալավատեսական կանխատեսումներին):


Մոսկվային պետք է պարզ լինի մեկ բան' «սուրբ տեղը երբեք թափուր չի մնում». այլընտրանք միշտ էլ կա…

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ