ՀՀԿ-ն չի պատրաստվում քննարկել գրող, հրապարակախոս Զորի Բալայանի նամակը՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք կուսակցության առաջիկա գործադիր մարմնի նիստում անդրադարձ կատարվի նաեւ այդ նամակին եւ դրան հաջորդած զարգացումներին: «Ինչու՞ պիտի Սերժ Սարգսյանի մակարդակով քննարկվեր: Եթե այդպիսի գաղափարախոսություն լիներ այս տարիների ընթացքում, նախ եւ առաջ մեր կուսակցությունում կքննարկվեր: Ոչ միայն չի քննարկվել, այլ նաեւ նման մոտեցումների մասին խոսք անգամ չի եղել, եւ չի էլ կարող լինել իմ կարծիքով»,- մեզ հետ զրույցում ասել է Գ. Սահակյանը:
ՀՀԿ փոխնախագահն անդրադարձավ նաեւ մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, համաձայն որի Վլադիմիր Պուտինին ուղղված բաց նամակի հեղինակը իրականում ոչ թե Զորի Բալայանն է, այլ Սերժ Սարգսյանը: Այս առումով Գ. Սահակյանն ասաց. «Ես կարծում եմ մեր քաղաքական ուժերը ոչ թե պայքարում են Հայաստանի համար, այլ պայքարում են, թե ինչ գտնեն՝ իշխանություններին մրոտեն, որպեսզի ժամ առաջ գան իշխանության: Պետք է «պետություն» եւ «իշխանություն» հասկացությունները կարողանան մի քիչ զատեն: Ցանկությունը մեծ է, իհարկե, իշխանության գալու, բայց ոչնչացնել պետությունը ամեն առիթով եւ հերյուրանքներ տարածել, կարծում եմ, բնավ մեր քաղաքական դաշտի ձեռքբերումը չէ, դա ամենաբացասական երեւույթն է»: Գ. Սահակյանի խոսքերով՝ Զորի Բալայանը անհատականություն է իր տեսակի մեջ եւ որեւէ մեկին չի հարցնում, թե ինչ է անելու:
Իսկ անդրադառնալով Զորի Բալայանի ծավալուն նամակին՝ ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ նման փաստաթղթերը ապակողմնորոշված քննարկելը իր համար անընդունելի չեն: ԼՂՀ-ն Ռուսաստանի մաս կազմելու եւ Վ. Պուտինին նման կոչ, ըստ Գալուստ Սահակյանի, նամակում չկա: «Տեքստն ինձ համար դրական է միայն մեկ իմաստով, որ եւս մեկ անգամ փորձել է բանախոսը, որ Ադրբեջանը որպես պետություն երբեւիցե չի եղել, եւ Ղարաբաղը չէր կարող նրա մաս կազմել: Յուրաքանչյուր մարդ տարբեր կերպ է ընկալում, իսկ ընկալման հիմնական թիրախ են դարձնում, որ Ղարաբաղը լինի Ռուսաստանի կազմում: Դա ինձ համար շատ բացասական է, իմ տեսակետը լրիվ հակառակն է, նույնիսկ գաղափարը: Նման բան ընդհանրապես քաղաքական դաշտում չի քննարկվել»: Վերջում Գ. Սահակյանը նշեց, որ ԼՂՀ-ն արդեն ինքնորոշված պետություն է, եւ յուրաքանչյուր ոք չի կարող իր տեսակետով ներկայացնել Արցախի հարցը կամ Հայաստանի խնդիրը: