Խորհրդարանում վարչապետի թեկնածության քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը, դիմելով Էդմոն Մարուքյանին, մի խորհրդավոր արտահայտություն արեց՝ ասելով, որ եթե մենք ուզում ենք ապրել լուսավոր Հայաստանում, բարգավաճ Հայաստանում, արդար Հայաստանում, պետք է, որ հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն: Շատերի մոտ հարց առաջացավ, թե ով է այդ հանգած հրաբուխը, և ով է բզբզողը: Ո՞ւմ նկատի ուներ Սերժ Սարգսյանը:
 
Իրականում այս հայտարարությունը Սերժ Սարգսյանի վարչապետության առաջին հայտարարությունն էր և առաջին մեսիջը քաղաքական դաշտի հանգած հրաբուխներին, որոնք, ինչ խոսք, առկա են և գուցե հենց նրանց արթնանալու մեջ է Սարգսյանը տեսնում իր վարչապետության համար գլխավոր ռիսկերն ու սպառնալիքը: Ո՞ւմ էր ուղղված այդ հայտարարությունը՝ կարելի է միայն ենթադրել: Չի բացառվում, որ Սարգսյանի մեսիջի հասցեատերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած շարժման հնարավոր ու անհնար աջակիցների մասին շատ էր գրվել: Զանազան անուններ են շրջանառվում և ահա այսօր էլ հանկարծ դրանց թիվը համալրվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունով: Ասվում էր, որ իբրև թե Քոչարյանի մերձավորներն ամեն ինչ անում են, որպեսզի փաշինյանական հանրահավաքներին մասնակցելու համար մոբիլիզացնեն ՕՐՕ դաշինքի մնացորդները։ Քոչարյանի հնարավոր ակտիվացման դեմ Սարգսյանն արդեն քայլեր ձեռնարկել է՝ Մարտի մեկի կիսաբաց-կիսափակ վիճակում գտնվող գործը ամեն պահի կարող է վերաբացվել՝ թիրախում պահելով հենց Քոչարյանին: Ի դեպ՝ Քոչարյանն այսօր շնորհավորել է Սերժ Սարգսյանին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, գուցե այսպիսով ակնարկելով, որ իր «հրաբուխը» արթնանալու որևէ նպատակ չունի:
 
Արդյո՞ք նույնը կարելի է ասել հանգած մյուս պոտենցիալ հրաբուխի՝ Սեյրան Օհանյանի վերաբերյալ: Վերջին ամիսների ընթացքում ՊՆ-ն և ԱԱԾ-ն անչափ հետևողական են դարձել Օհանյանի ղեկավարման տարիներին համակարգում կատարված հանցանքները, կոռուպցիոն դեպքերը բացահայտելու հարցում: Անմիջապես Օհանյանի անվան հետ այդ բացահայտումները կապել չի ստացվում, սակայն մեսիջներն ակնհայտ են: Իշխանական վերնախավը այս քայլին գնացել է` նախազգուշացնելով ընդդիմադիր դարձած նախկին նախարարին, որ շուրջօրյա հանրահավաքներին միանալու դեպքում հնարավոր է` վատ հետեւանքներ լինեն իր համար: Բզբզողն էլ այս դեպքում Նիկոլ Փաշինյանն է, ում բզբզալուց կարող են օգտվել հանգած հրաբուխները և որոշեն ակտիվանալ: Հենց այդ ակտիվացումը կանխելու նպատակ էլ հետապնդում էր Սերժ Սարգսյանը՝ ԱԺ ամբիոնից անելով նմանատիպ հայտարարություն:
 
 
Ստելլա Խաչատրյան