ՀՅԴ-ն ողջունում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ ինքն այլևս չի առաջադրվելու նախագահի պաշտոնում, իսկ եթե իր ցանկությանը հակառակ՝ ընտրվի կառավարման խորհրդարանական մոդելը, ինքը չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Մենք դրական ենք գնահատում այս հայտարարությունը և ողջունում այն »,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ առաջարկվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում բազմաթիվ խնդիրներ կան և առաջիկայում մեր հանրությունը, քաղաքական ուժերը պետք է լրջորեն զբաղվեն այդ հայեցակարգով:

 

Անդրադառնալով Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծին, որն ապրիլի 10-ին ներկայացվել է ՀՀ Նախագահին՝ Վարդանյանը նշեց, որ պետք չէ այս հարցում թյուրիմացության մեջ ընկնել: «Նախ մենք պետք է հասկանանք, թե ինչ է արել աշխատանքային խումբը, որն ստեղծվել է Նախագահի առաջարկությամբ և Սահմանադրական դատարանի նախագահի գլխավորությամբ: Հանձնաժողովը ձևակերպել է, որ այսօրվա մեր Սահմանադրությունը բազմաթիվ հարցերի լուծում չի տալիս, իսկ այդ հարցերը պետք է լուծվեն: Հնարավոր է' դրանց լուծումը տրվի ներկայիս կառավարման համակարգը բարեփոխելու ճանապարհով, կամ որ ավելի նախընտրելի է՝ խորհրդարանական համակարգին անցնելն է»,- ասաց Վարդանյանը:

 

Նա նշեց, որ սրանք ընդամենը հայեցակարգային մոտեցումներ են: Վարդանյանի խոսքով՝ հիմա սկսվում է մի շրջան, որը շատ կարևոր է հանրության համար, որտեղ և՛ քաղաքական ուժերը, և՛ քաղաքացիական հասարակությունը պետք է քննարկեն այդ հայեցակարգը և գան կոնսենսուսի, հնարավոր առավելագույն համաձայնության: «Մենք հնարավոր ամեն բան անելու ենք, որ այդ կոնսենսուսը ձևավորվի խորհրդարանական համակարգին անցնելու շուրջ, և աշխատելու ենք այդ ուղղությամբ: Եթե կլինի այս մոտեցումը համընդգրկուն, շատ ուժեր համաձայնության կգան այս հարցում, մենք կունենանք սահմանադրական փոփոխությունների մի փաթեթ, որը կենթադրի խորհրդարանական համակարգին անցում և շատ ավելի հավասարակշիռ, ընդդիմություն-իշխանություն միասնական համակարգ, ինչը մեր երկրում կբերի իսկապես որակական փոփոխությունների»,- եզրափակեց Վարդանյանը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 10-ին հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է Հանրապետության Նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: