Քիչ առաջ չեղյալ հայտարարվեցին հայ-թուրքական արձանագրությունները, որոնց նախաստորագրումը տեղի էր ունեցել 2009 թվականի հոկտեմբերի 10-ին։ Հայաստանի նախագահական նստավայրում կայացած Ազգային անվտանգության խորհրդի նիստում արձանագրությունները չեղարկելու մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, քաղաքագետ Գագիկ Համբարյանն, անդրադառնալով այս իրադարձությանը՝ նշեց, որ շատ ուրախ է դրա համար. «Թեև ինքս ժամանակին ողջունել եմ այդ պայմանագրերի ստորագրումը, բայց միշտ ասել եմ, որ դա շատ մեծ չարիք է դառնալու Հայաստանի համար, եթե չվավերացվի ողջամիտ ժամանակում, իսկ արդեն 2010թ. ապրիլին այդ պայմանագրերը պետք է չեղյալ հայտարարվեր»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ մենք, ստորագրելով այդ պայմանագիրը, ամբողջ միջազգային հանրությանը՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանը, Շվեյցարիային ապացուցեցինք, որ՝ ունենալով մեծ խնդիրներ Թուրքիայի հետ՝ պատրաստ ենք բարի դրացիական հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների: Սակայն ստացանք թուրքական «պատասխանը», երբ պայմանագրերը ստորագրելուց օրեր անց Թուրքիան արտգործնախարարի և վարչապետի մակարդակով հայտարարեց, որ պայմանագրերը կվավերացվեն միայն այն դեպքում, եթե Հայաստանը դուրս բերի զորքերը օկուպացված տարածքներից: Թուրքերի մոտ, ինչպես ասում են՝ ախորժակն ուտելու ժամանակ է գալիս:
Քաղաքագետը նշեց՝ ցավոք սրտի, հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը ուշացավ և Թուրքիան այս տարիների ընթացքում օգտվեց դրանից, քանի որ շատ երկրների խորհրդարաններ, ցանկանալով ճանաչել հայոց ցեղասպանությունը, շանտաժի էին ենթարկվում Անկարայի կողմից:
«Սերժ Սարգսյանը դրանց չեղյալ հայտարարելու մասին վաղուց էր ակնարկում: Նա ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ գրողի ծոցը կուղարկի այդ պայմանագրերը, ԵԽԽՎ-ի ելույթի ժամանակ ևս ակնարկեց, որ դրանք չեղյալ կհայտարարվեն:
4-րդ նախագահի ընտրությունից առաջ Սերժ Սարգյանը անակնկալ մատուցեց հայ ժողովրդին, ինչպես նաև սփյուռքահայությանը: Հայկական սփյուռքի համար այդ պայմանագրերի ստորագրումը եռապատիկ ծանր հարված էր: Սփյուռքը քննադատաբար վերաբերվեց դրանց: Հայաստան-սփյուռք հարաբերություններում գոյություն ունեցող բացասական երևույթներից մեկը պաշտոնական Երևանի կողմից այս պայմանագրերի ստորագրումն էր, որը սփյուռքի կողմից ընկալվում էր որպես Հայոց ցեղասպանությունը մոռացության մատնելու քայլ»,- նկատեց քաղաքագետը:
Ըստ Համբարյանի՝ պայմանագրերի չեղարկումը սպասելի էր, բայց անսպասելի էր այս պահին, քանի որ ինքը կարծում էր՝ դրանք կչեղարկվեին ապրիլի 24-ին մոտ:
Սոնա Հարությունյան