Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն է նշանակվել Արման Հովակիմյանը:
Թափուր պաշտոնի մրցույթը նախարարությունում անցկացվել էր դեկտեմբերի 11-ին: Հաղթող էին ճանաչվել մրցույթին մասնակցած բոլոր երեք թեկնածուները՝ նշված բուժհաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Հովակիմյանը, առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և նախարարության լուծարված ստորաբաժանումներից մեկի՝ պետական առողջապահական գործակալության Կոտայքի մարզային կենտրոնի պետ Աշոտ Անտոնյանը: Օրենքով սահմանված կարգով՝ երեք հաղթողների միջև ընտրություն պետք է կատարեր նախարարը՝ եռօրյա ժամկետում:
Հիշեցնենք՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խնամի Արա Մինասյանը պաշտոնից ազատվել էր ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված խոշոր չարաշահումների պատճառով: Նրա նկատմամբ հարուցված քրեական գործով հայտարարվել է հետախուզում: