Երևանյան ապստամբությունը կարծես մոտեցավ իր հանգուցալուծմանը. այսօր զինյալների կողմից ազատ արձակվեցին վերջին գերիները` ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչն, անշո՛ւշտ, չի կարող ուրախություն չառաջացնել: Տեղեկացնենք, որ նախնական համաձայնությամբ` որոշում է կայացվել ստեղծել ապստամբների մամուլի կենտրոն` նրանց ու հասարակության միջև կապը առավել սերտացնելու համար: Չնայած դեռևս շուտ է վերջնական վերլուծություններ անել ու համոզիչ գնահատականներ տալ կատարվածին, փաստ է, սակայն, որ գերիների ազատ արձակումը տեղի ունեցավ մեկ օր անց այն բանից, երբ նախագահ Սարգսյանը երկար ընդմիջումից հետո խոսք հղեց ապստամբներին: Ինչ խոսք` համարել այս երկու իրադարձությունները պարզագույն զուգադիպություն անգամ վերջին հիմարն իրեն թույլ չի տա, քանի որ ակնհայտ է` հենց Սարգսյանի խոսքը դարձավ այն ազդու միջոցը, որի շնորհիվ հարցն այս ավարտվեց մինիմալ կորուստներով:
Գլխավոր հարցը, որ, թերևս, բարձրանում է այս ամենից հետո, այն է, թե ինչ տվեց սա իշխանություններին, ընդդիմությանն ու ողջ երկրին, որն է լինելու, ի վերջո, ապստամբների անակնկալ գործողությունների հիմնական պտուղը: Մեր խորին համոզմամբ` այս ամենը հիմք է դնելու երկրում խորքային փոփոխությունների: Անկասկած է, որ իշխանությունների համար այլևս աներկբայորեն պարզ դարձավ, որ երկրում հասունացել է արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնց հասնելու համար պարզագույն իմիտացիան բավարար չի լինելու այլևս. ոչ ոք հիմար չէ ու հասկանում է,որ ասենք մի քանի «պադավատ» կրճատելու ճանապարհով գնացող աբրահամյանական բարեփոխումները ոչ մի տեղ չտանող ուղի էին` սկսած առաջին իսկ օրվանից: Բնականոն ու իրական զարգացման համար հարկավոր է ստեղծել շոշափելի նախադրայալներ` դուրս բերելու երկիրն այն սոցիալ-հոգեբանական անդունդից, որի արդյունքը եղավ և զինված ապստամբությունը. չի բացառվում,որ Աբրահամյանի կառավարությունը առաջիկայում իր ողջ կազմով հրաժարական ներկայացնի (սա, համենայնդեպս, շատ ավելի տրամաբանական կլիներ, քան օդում խոստումներ հնչեցնելը):
Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի հետ մեր հարաբերությունների վրա այս ապստամբության թողած ազդեցությանը, ապա պետք է ասել, որ այն շատ ավելի մեծ է, քան կարելի է պատկերացնել առաջին հայացքից: Առաջինը, որ պետք է նշել, այն է, որ ապստամբների գործողությունները փաստեցին՝ ղարաբաղյան հակամարտությունը գաղտնիության քողի ներքո լուծելու գերտերությունների քաղաքականությունը հղի է անկանխատեսելի հետևանքներով հենց նույն այդ գերտերությունների համար:
Փաստվեց, որ Արցախի հարցը գերխնդիրն է ոչ միայն ՀՀ ներկայիս քաղաքական ղեկավարության, այլև՝ ողջ հայ հասարակության, ու համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելիս բոլորի կողմից նախևառաջ պետք է հաշվի առնվի հենց հայ հասարակության կարծիքը: Սա նաև ուղերձ էր՝ կոնկրետ ուղղված Ռուսաստանին, առ այն, որ մեր լոյալությունը Մոսկվայի հանդեպ իր իրական գինն ունի, և դա Արցախի ժողովրդի անվտանգությունն է, որի ապահովման համար ազատագրված տարածքներն ունեն կենսական նշանակություն ու, հետևաբար, ենթակա չեն սակարկությունների. սա հարց է, որ վեր է իշխանությունների կոմպետենտության շրջանակներից, սա հարց է, որ Մոսկվային կարող է արժենալ Անդրկովկասի կորուստը, ինչին, անխո՛ս, ՌԴ երբեք չի գնա. գինը շատ բարձր է:
Վստահաբար կարելի է ասել, որ ապստամբության դե ֆակտո մարումը սկիզբ է դնելու երկրում աննախադեպ փոփոխությունների, որոնց իրականացման ճանապարհին իշխանություններից, քաղաքական մյուս ուժերից ու հասարակությունից մեկ բան է պահանջվելու՝ կատարյալ հմտություն՝ փոփոխություններն այդ հնարավորինս անցնցում իրականացնելու, երկիրը դնելու զարգացման նոր ուղու վրա:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ