Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Հայաստանում հուլիսի 17-ից սկիզբ առած գործընթացները շարունակում են իրենց անկանխատեսելի ընթացքն՝ ալեկոծելով հասարակական-քաղաքական միտքն, առաջ բերելով վարկածներ, տեսություններ ու վերլուծություններ, որ աչքի են ընկնում աննախադեպ առատությամբ ու դրանցում արծարծված տարբերակների անօրինակ բազմազանությամբ:
Հիմնական բանը, որ անմիջապես աչքի է զարնում այդ վերլուծություններն ընթերցելիս, թերևս, այն է, որ վերլուծաբանների բացարձակ մեծամասնությունն, այդ թվում և՝ օտար, Երևանում տեղի ունեցող պրոցեսները համարում են յուրօրինակ արձագանք՝ արցախյան խնդրի շուրջ ընթացող բանակցություններին, որոնք, ինչպես հայտնի է, թևակոխել են Հայաստանի համար ամենևին էլ ոչ բարենպաստ փուլ. ՌԴ կողմից որպես հիմնական կողմ սկսել է դիտարկվել լոկ Հայաստանն, ինչն էլ բանակցային պրոցեսը դարձրել է իսկական դավադրություն՝ ընդդեմ մեր երկրի:
Հետևելով վերջին ամիսների քրոնիկոնին՝ համաձայնե՛ք, դժվար է չհամաձայնել այս պնդումների հետ՝ մանավանդ այն պարագայում, երբ հայտնի է՝ ապստամբների թիվ մեկ պահանջներից մեկն ի սկզբանե եղել է ազատագրված տարածքների հարցը. կոչ էին անում իշխանություններին կուլ չգնալ արտաքին ճնշումներին ու մեզ համար այդքան կենսական նշանակություն ունեցող հողերը չտալ թշնամուն:
Իսկ հիմա հարց՝ ի՞նչ կարող է տալ այս ապստամբությունը մեր երկրին, կամ ի՞նչ իրական նպատակներ են հետապնդում իշխանությունները, երբ այսչափ մեղմ դիրքորոշում են ցուցաբերում զինված խմբի անդամների նկատմամբ: Բանն այն է, որ ամենևին էլ չի բացառվում՝ նման փափուկ վարքագիծն ամենևին էլ իշխանությունների մարդասիրության վկայությունը չէ, այլ հետապնդում է շատ կոնկրետ ու պրագմատիկ նպատակ. փորձում են բոլոր հնարավոր միջոցներով անել ամեն ինչ՝ պահպանելու ֆորսմաժորային իրավիճակն ու հետագայում նույնիսկ սրելու այն, մինչև հասնի նոր Սահմանդրության ժամանակը:
Ասել կուզի՝ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսի 17-ին, ամենևին էլ իշխանությունների կամքին հակառակ չէր ու նպատակ ուներ՝ երկրում ստեղծելու այնպիսի իրավիճակ, որը թույլ կտար արցախյան հարցի շուրջ ընթացող բանակցային գործընթացում մանևրել՝ խուսափելու համար դրսից եկող պարտադրանքից. իշխանություններն ու աշխարհը շատ լավ են հասկանում՝ նոր Սահմանդրության լիակատար ուժի մեջ մտնելուց հետո էապես թուլանալու են արտաքին խաղացողների՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու հնարավորություններն ու լծակները, և ասենք նույն Կրեմլն է՛լ չի իմանալու՝ Հայաստանում ում հետ քննարկել արցախյան հարցը, քանի որ նոր Սահմանդրությամբ երկրում ներդրվելու է «կոլեկտիվ անպատասխանատվության» ինստիտուտը, որը, միգուցե, ի զարմանս շատերի, կարող է իսկական փրկօղակ դառնալ հայոց պետականության համար: Այնպես որ՝ ամենևին էլ պատահական չէր այն, որ, երբ Հայաստանում տեղի էին ունենում նոր Սահմանադրության շուրջ քննարկումները, ռուսաստանյան փորձագիտական և պաշտոնական շրջանակները փակ և բաց քննարկումների ժամանակ տալիս էին մեկ հարց՝ ո՞վ է, ի վերջո, պառլամենտական համակարգում Հայաստանի անունից լուծելու ԼՂ հիմնախնդիրը:
Իսկ այս ամենը նշանակում է գեթ մեկ բան՝ հուլիսի 17-ից երկրում սկիզբ առած արտակարգ իրավիճակը մի քանի շաբաթվա հարց չէ, այլ՝ երկար ամիսների. այնպես որ՝ Խորենացի փողոցի համապատասխան հատվածը դեռ երկար ժամանակ է փակ մնալու…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ