Աղվան Հովսեփյանը կհայտնվի պահեստային նստարանին
Սերժ Սարգսյանի հրամանագրով Միասնական քննչական կոմիտե ստեղծող Աղվան Հովսեփյանը դեկտեմբերի 4-ին լրագրողներին հայտարարել է, որ ներկայացվել են այն օրենսդրական փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է ընդունել կոմիտեն ստեղծելու համար:
Հովսեփյանը հայտարարել է, որ կոմիտեն նախատեսվում է ստեղծել պաշտպանության նախարարության եւ ոստիկանության քննչական ծառայությունների հիման վրա: Պետական եկամուտների կոմիտեի քննչական ծառայությունը չի ներառվի Միասնական քննչական կոմիտե:
Փաստորեն, Սերժ Սարգսյանին հերթական անգամ չի հաջողվել կոտրել Գագիկ Խաչատրյանի դիմադրությունը: Կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ քրեաօլիգարխիկ տնտեսական համակարգի դիմադրությունը, որի խորհրդանիշ-պահապաններից մեկն է Գագիկ Խաչատրյանը: Թեեւ, Սերժ Սարգսյանը գուցե ոչ թե չի կարողացել, այլ պարզապես չի ցանկացել գնալ այդ համակարգի դեմ:
Ընդ որում հետաքրքրական է, որ Միասնական քննչական կոմիտեի մասին այդ հայտարարությունն արվել է Պուտինի այցից հետո: Այստեղ առաջին հայացքից խոսքը լիովին տարբեր բաների մասին է: Սակայն, իրականում կա բավական հետաքրքրական կապ:
Խնդիրն այն է, որ Միասնական քննչական սուպերկառույցը Սերժ Սարգսյանին անհրաժեշտ էր իշխանական համակարգի հանդեպ վերահսկողության ուժեղացման համար: Այդ սուպերկառույցը Սերժ Սարգսյանի համար պետք է լիներ այն գործիքը, որով պետք է կամ ավարտին հասցվեր, կամ մոտեցվեր ավարտին իշխանական համակարգը բռի մեջ վերցնելու գործընթացը՝ 2018-ին ընդառաջ:
Իսկ այդ գործում ՊԵԿ քննչական ծառայության դերը հատկապես էական է: Բանն այն է, որ ՊԵԿ-ը այն կառույցն է, որն այսպես ասած լիակատար «դոսյե» ունի Հայաստանի տնտեսական ամբողջ համակարգի մասով: