ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում շարունակվում է իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ 2016 թվականի հուլիսի 19-ի երեկոյան կիրառված բռնությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քննչական ծառայության մամուլի ծառայությունից։

 

Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է ևս 3 անձի ինքնություն, ովքեր մասնակցություն են ունեցել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնության գործադրմանը:

 

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման կապակցությամբ քաղաքացիների անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն ապահովելու նպատակով, 2016 թվականի հուլիսի 19-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողներ ծառայություն են իրականացրել Երևան քաղաքի Մովսես Խորենացի փողոցին հարող Գլինկա և Որմնադիրներ փողոցների հատման վայրում: Մի խումբ անձինք բռնություն են գործադրել ոստիկանության ծառայողների նկատմամբ՝ չենթարկվելով ՀՀ ոստիկանության ծառայողների' հասարակական կարգը պահպանելուն ուղղված օրինական պահանջներին։ Կիրառված բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության 6 աշխատակցի։

 

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 3 անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություններ է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

 

Այսպիսով՝ սույն քրեական գործի շրջանակներում, հուլիսի 25-ի դրությամբ, մեղադրանք է առաջադրվել 4 անձի։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, դեպքին մասնակից անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ։