ՀՀ ոստիականության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված զինված խմբի անդամներից երկուսը վիրավոր են և գտնվում են «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից' նշելով, որ նրանք վիրավորվել են հուլիսի լույս 26-ի գիշերը, վնասվել են նրանց ոտքերը: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները ճշտվում են:

 

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարանը» հայտարարություն էր տարածել զինված խմբի անունից' տեղեկացնելով, որ գնդի տարածքում տեղի է ունեցել 2 պատահար: Ոտքերից վիրավորվել են խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում քաղաքացի Արթուր Սարգսյանը իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սնունդով և, ճեղքելով ոստիկանական պատնեշը, հասել գնդի մուտքի մոտ:

 

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց' պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: