«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում զգալիորեն բարելավվել են զինված խմբի կալանավորված անդամների պահման պայմանները: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին Պավել և Արամ Մանուկյանների պաշտպան Ինեսա Պետրոսյանը ու Աշոտ Պետրոսյանի և Հովհաննես Հարությունյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը: «Բազմաթիվ ահազանգերից և ՄԻԵԴ հրատապ դիմումից հետո կալանավորներին տրամադրվել են առանձին սենյակներ, հատկացվել են հիվանդանոցային մահճակալներ, իսկ կիրակի օրվանից (հուլիսի 31-ից- հեղ.) «էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից սահմանվել է շուրջօրյա հերթապահություն»,-նշեց Պետրոսյանը:

Փաստաբանի տեղեկացմամբ' Պավել Մանուկյանն ունի հրատապ վիրահատությունների կարիք: Արամ Մանուկյանի դեպքում ևս հնարավոր է նման միջամտություն իրականացվի առաջիկայում: Պավել Մանուկյանը շարունակում է հացադուլը: Փաստաբանը նշեց, որ առաջիկայում Վերաքննիչ դատարանում կբողոքարկի Պավել և Արամ Մանուկյանների խափանման միջոցը: Պետրոսյանին են դիմել նաև Արմեն Լամբարյանի հարազատները' ստանձնելու նրա պաշտպանությունը:

Փաստաբան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց, որ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը ևս հնարավոր է վիրահատվեն:

Պապիկյանը ստանձնել է նաև Արայիկ Խանդոյանի պաշտպանությունը: Խանդոյանի վնասվածքը ոսկրային չէ, փափուկ հյուսվածքների վնասվածք է, և նա հրաժարվել է ստանալ բժշկական օգնություն: Նրան առայժմ մեղադրանք չի առաջադրվել, պաշպանի խոսքով օգոստոսի 1-ին ակնկալվում են քննչական գործողություններ: Պաշտպանը կարողացել է հուլիսի 31-ի գիշերն առանձնազրույց ունենալ պաշտպանյալի հետ:

 

Հուլիսի 17-ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց' պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:

 

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

 

Պատանդ վերցվածներն ազատ են արձակվել մեկ շաբաթվա ընթացքում, սակայն հուլիսի 27-ին նրանք կրկին պատանդ են վերցրել բուժօգնության հասած բուժաշխատողներին:

 

Հուլիսի 30-ին գնդի տարածքից դիպուկահարի կրակոցից զոհվել է ոստիկանության զորքերի ծառայող Յուրի Տեփանոսյանը:

 

Հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր են դրել զենքն ու հանձնվել: