Քիչ առաջ Նորք–Մարաշի «Զինված խմբի» գործով պարագլուխ Արթուր Վարդանյանը 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարեց Վարդանյանի պաշտպանների միջնորդությունը։
Նշենք, որ գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն էր գտնվում կալանքի տակ։
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել՝ Նորք–Մարաշում զինված խումբ է վնասազերծվել:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։ 19 ամբաստանյալներից այժմ միայն Արթուր Վարդանյանն է կալանքի տակ։