Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց որոշում՝ Նորքի զինված խմբի գործով վեց ամբաստանյալի՝ Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Արա Պողոսյանին, Արթուր Եղիազարյանին, Վաղինակ Ստեփանյանին և Հարություն Սալնազարյանին կալանքից ազատելու վերաբերյալ:

Այսօր՝ սեպտեմբերի 17- ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը բավարարեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունն ու պատգամավորների անձնական երաշխավորությամբ ազատ արձակեց գործով ամբաստանյալներից 4-ին, իսկ 2-ի՝ Արա Պողոսյանի և Վաղինակ Ստեփանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց չհեռանալու մասին ստորագրությունը։

Նշենք, որ ավելի վաղ կալանքից ազատվել են նաև այլ ամբաստանյալներ, որոնց թվում՝ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորքում վնասազերծվել է 20 հոգանոց զինված խումբ, որը, իբրև թե, ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը:

Լուսանկարը՝ hetq.am-ի