Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունվարի 27-ին կրկին հետաձգեց Նորք Մարաշում 2015 թվականի նոյեմբերին վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը, քանի որ նիստին չէր ներկայացել ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Վերջինս հայտարարել էր, որ դատարան կարող է տեղափոխվել միայն պատգարակով և մասնակցել նիստերին պառկած վիճակում, մինչդեռ բժշկական տեղեկանքի համաձայն՝ Շիրխանյանի առողջական վիճակը գնահատվել էր բավարար, ինչը թույլ էր տալիս նրան ներկա գտնվելու նիստերին: Վահան Շիրխանյանի բացակայության պատճառով' նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 17-ը:
Վահան Շիրխանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. մայիսից անձնապես ծանոթանալով «Ռադիո Մարիամ» մշակութային հիմնադրամի տնօրեն Գյումրու Կաթոլիկե եկեղեցու քահանա, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի քաղաքացի' Անտոն Դիկրան Թոթոնջյանի, նույն հիմնադրամի լրագրող Լիլիթ Թորոսյանի և Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, նրանց առաջարկությամբ ստանձնել է մասնակցել վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը' կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր' նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն' զավթել' բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: