Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ տեղի ունեցավ HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության փորձի գործով մեղադրվող ՃՈ գնդապետ Դանիել Դանիելյան դատական նիստը:
Դատական նիստերի դահլիճում էին նաև տուժողի հարազատները, որոնք ամբաստանյալ Դանիել Դանիելյանի՝ ոստիկանների ուղեկցությամբ դատական նիստերի դահլիճ բերվելու ժամանակ վիրավորական արտահայտություններ արեցին: «Արա՛, դու հլը սաղ ե՞ս»,- բղավեց նրանցից մեկը, այնուհետև ոստիկանները Դանիելյանին դուրս բերեցին դահլիճից:
Դատական նիստի ընթացքում Դանիելյանը հայտարարեց, որ ֆինանսական միջոցներ չունի և չի կարող ունենալ երկու պաշտպան: Ի վերջո՝ Դանիել Դանիելյանը միջնորդեց իրեն ապահովել հանրային պաշտպանով, ինչն էլ դատարանը բավարարեց:
Դատական նիստը հետաձգվեց հանրային պաշտպանով ապահովելու պատճառով: Այն տեղի կունենա նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին:
Հիշեցնենք, որ HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակումը տեղի է ունեցել սույն թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում. ավազակային հարձակման հետեւանքով սպանվել էին բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը և տարածքում ծառայություն իրականացնող ՊՊԾ ոստիկան Արա Շախբուլյանը, վիրավորվել՝ «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանը: