ՀՀ ոստիկանության պարեկապահակային գունդը գրավելու գործով դատական նիստը հետաձգվեց մեղադրյալ Գևորգ Իրիցյանի և պաշտպանների բացակայության հանգամանքով պայմանավորված:
Պաշտպաններից ներկայացել էր միայն մեկը, և դատավորը հայտարարեց, որ դեմ է նման պայմաններում նիստի անցկացմանը: Հաջորդը տեղի կունենա մայիսի 31-ին` ժամը 12։15-ին:
Ամբաստանյալներն ու դատախազները հայտնեցին, որ նշված անձանց բացակայությունը չի կարող խոչընդոտել դատավարությանը:
Ամբաստանյալ Թաթուլ Թամրազյանը դժգոհեց, որ ստիպված են ամեն անգամ ներկայանալ դատարան, իսկ դատավարություն այդպես էլ տեղի չի ունենում:
Դատախազներ Հակոբ Ենոքյանն ու Արթուր Չախոյանն էլ կարծիք հայտնեցին, որ հնարավոր է նիստն անցկացնել մեկ պաշտպանի ներկայությամբ, սակայն դատարանը չընդունեց նրանց մոտեցումն ու որոշեց հետաձգել նիստը երկու շաբաթով:
ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:
2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու և պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու և դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում: