Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրավման գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանի պաշտպան Տիգրան Եգորյանը բժշկական տեղեկանք ներկայացրեց դատավորին' իր պաշտպանյալի բացակայության մասին: Տիգրան Եգորյանը նշեց, որ Արամ Հակոբյանի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի արյան շրջանռության և ընդհանուր արյան շրջնառության հետ կապված խնդիրներ, որոնք սրացել են, և իր պաշտպանյալը ներկայումս գտնվում է հիվանդանոցում:
Բացի այդ, պաշտպանը նշեց, որ նախորդ ամիսների ընթացքում իր պաշտպանյալի մոտ փոքր ծավալի ուղեղի կաթվածներ են եղել:
Մեղադրող կողմն ասաց, որ ամբաստանյալի բացակայությունը հարգելի է և գտնում է, որ առանց ամբաստանյալի մասնակցության դատական քննությունը չի կարող շարունակվել:
Դատարանը որոշում կայացրեց դատական նիստը հետաձգել՝ հաշվի առնելով ամբաստանյալի հարգելի բացակայությունը:
Արամ Հակոբյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 3-րդ մասի, 219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) 3-րդ մասի 1-ին կետի, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ հատկանիշներով: