Նորք–Մարաշի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանի մոտ ախտորոշվել է «Կրոնի» հիվանդություն։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Վարդանյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը՝ նշելով, որ նա հետազոտվում է Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնում։
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալի մոտ բացասկան դինամիկա էր գրանցվել: Վարդանյանը հրաժարվել էր դատապարտյալների հիվանդանոց տեղափոխվել, քանի որ նախորդ անգամ դատապարտյալների հիվանդանոցից ավելի վատ վիճակում էր հետ եկել. «Արդեն 13-րդ օրն է՝ սնունդ չի ընդունում, մարմինն ամբողջովին ցանավորված է, հիմա բժիշկները նրան հետազոտում են»,- ասաց նա։
Հիշեցնենք՝ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները փետրվարի 20-ին այցելել են Արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի կալանավոր Արթուր Վարդանյանին և արձանագրել, որ նրան անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։
2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:
Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:Վարդանյանն այս գործով միակ ամբաստանյալն է, որը գտնվում է կալանքի տակ։
Սոնա Հարությունյան