Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին ձերբակալելու իրավաչափության հարցի վերաբերյալ պաշտպանների բողոքը բավարարեց. Վանեցյանն ազատ արձակվեց։
«Բայց, փաստացի, արդարությունը դեռևս այս երկրում կա, արդարությունն այս փուլում հաղթեց», - ասաց Արթուր Վանեցյանը` շեշտելով, որ գործող իշխանությունները հերթական անգամ ապօրինի փորձում են լռեցնել իր քաղաքական գործունեությունը
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոյեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության փորձի փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում որպես կասկածյալներ ձերբակալել է մի շարք անձանց, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին, ինչպես նաև Սիսիանի կամավորականների ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին։
Այսօր օրվա ընթացքում հայտնի դարձավ, որ 4 կասկածյալներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման), 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) կասկածանքով։